Մատչելիության հղումներ

Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ Մշտական խորհրդում ներկայացրել է Սյունիքում Ադրբեջանի գործողությունները


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Նա ընդգծել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Դեռ երեկ՝ օրվա առաջին կեսին, Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում՝ տարաձայնությունները հարթելու համար։ Երեկ ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային։

Այսօր վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը, այսօր ԱԽ նիստ կգումարեն, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG