Մատչելիության հղումներ

Ըստ Ավանեսյանի` 1 տարվա ընթացքում հնարավոր կլինի հասնել քովիդին հաջողություն ասելու շեմին


Այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 12 հազար պատվաստում է իրականացվել, տեղեկացնում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում: Ըստ նրա` այսօր ամեն ինչ արվում է հեշտացնելու պատվաստումների գործընթացը: Միաժամանակ առողջապահական գերատեսչության ղեկավարը նկատում է` ճիշտ է տարվող քաղաքականությունը, որ պատվաստումներ իրականացվում են նաև շրջիկ կայաններում` լինեն դրանք մոլերում կամ քաղաքների տարբեր այլ հատվածներում տեղակայված:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.


Ամեն ինչ անում ենք, որ հասանելի լինի պատվաստումը. Ավանեսյան

«Այսօրվա դրությամբ մոտ 12 հազար պատվաստում է իրականացվել, միանշանակ սա գոհացուցիչ ցուցանիշ չի, մենք աշխատում ենք տեմպը մեծացնել», - ասաց Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա` ժամանակ է պետք, որ մարդիկ ընտելանան նախ շարժական կայանների գտնվելու մասով, հեշտացված պայմաններին, բայց միաժամանակ նշեց` իրենք նկատում են, որ օրեցօր ցանկացողների թիվն աճում է.

«Հուսով ենք, որ օրական պետք է մեծացնենք պատվաստվողների տեմպն ու արագ կերպով հաղթահարենք այն նպատակները, որ մեզ համար դրել ենք»:

Հարցին, թե այսպես շարունակվելու դեպքում կայուն իմունիտետի մասին ե՞րբ կարող ենք խոսել, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Պիտի խոսենք երևի մեկ տարվա ընթացքում, որ մենք կարողանանք հասնել այն շեմին, որ այլևս քովիդին հաջողություն ասենք: Իհարկե, դա կախված է մի շարք հանգամանքներից. մենք չենք կարող գնահատել, թե ինչպիսի դիմելիություն կունենանք 1-2 ամսվա ընթացքում: Մենք ամեն ինչ անում ենք, որ հասանելի լինի պատվաստումը»:

Բանակցում են «Նովովաքսի» հետ

Նախարարի պաշտոնակատարը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բանակցում են ամերիկյան «Նովովաքս» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ, սակայն մատակարարման ժամանակներն ու քանակները դեռ քննարկման փուլում են:

Նա նշեց, որ նաև «Մոդեռնան» է նախնական համաձայնություն տվել COVAX-ի երկրներին մատակարարում ապահովել, իսկ թե երբ, կրկին հայտնի չէ. «Որ պատվաստանյութն էլ գա, ըստ այդ պատվաստանյութի ցուցումների` այն հասանելի ենք դարձնելու»:

Պատվաստանյութն իր արդյունավետությունը պահպանում է բավական երկար ժամանակ

Օգտատերերը հետաքրքրվել են, թե արդյոք պարտադիր է երկու անգամ էլ նույն պատվաստանյութով իրականացնել պատվաստումը, և թե արդյոք ՀՀ-ն ունի բավարար չափաքանակ, որպեսզի երկրորդ պատվաստումն էլ նույնով իրականացվի:

«Եթե անձը ստացել է պատվաստանյութը կոնկրետ ֆիրմայի, մենք շարունակում ենք դրանով: Կուզեմ, որ մեր քաղաքացիները չանհանգստանան երկրորդ դեղաչափի մասով», - ասաց Ավանեսյանը` հավելելով, որ ամեն ինչ անում են անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութն ունենալու համար: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` արդյունավետությունը բարձրանում է, եթե երկրորդ դեղաչափը քաղաքացին ստանում է 8-12 շաբաթ հետոյի ընթացքում:

«Պատվաստանյութն իր արդյունավետությունը պահպանում է բավական երկար ժամանակ: Պատվաստվելուց հետո չի նշանակում, որ վարակվելը բացառվում է, բայց նշանակում է, որ վարակվելու պարագայում հիվանդության ծանր ընթացքը կանխվում է», - ընդգծեց նա:

Մի քանի օրից հնարավոր կլինի նաև «Կորոնավակով» պատվաստվել

Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ` այսօրվանից սկսել է պոլոկլինիկաներին բաշխվել նաև չինական «Կորոնավակը», որը ինչպես բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկան» հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին, դրանով ևս մի քանի օր հետո կսկսեն պատվաստումները:

Ինչ վերաբերում է մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե անվտա՞նգ է պատվաստումներն իրականացնել նաև մոլերում, դրսում տեղադրված շրջիկ կայաններում, առողջապահական գերատեսչության ղեկավարն ասաց. «Պատվաստանյութերի հետ կապված օգտագործման նախապատրաստական միջոցառումների կամ նախնական հետազոտությունների կարիքը չկա: Մեր նպատակն այս աղետալի համավարակը հնարավորինս արագ տեմպերով հաղթահարելն է, և եթե մի կողմից դնում ենք այս նպատակը, մյուս կողմից դիտարկում ենք, որ պատվաստանյութերի օգտագործման պայմաններ չկան ցուցված, և բոլոր երկրներում էլ հնարավորինս հեշտացված կարգով են իրականացվում, ապա կարծում եմ, որ սա ճիշտ քաղաքականություն է»:

Ինչո՞ւ փոխվեց «ԱսրտաԶենակայի» հետ կապված քաղաքականությունը

«Մեր նպատակն է ապահովել քաղաքացիների համար հասանելիությունը, և դա չի վերաբերում միայն մեկ պատվաստանյութին», - ասում է Ավանեսյանն` ի պատասխան հարցին, թե ինչու է սկզբում որոշվել, որ «ԱստրաԶենեկայով» պետք է պատվաստեն միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ հետո այդ շեմն իջեցվեց 18-ի: «Ինչո՞ւ է ընդհանուր ցուցումը եղել 55 տարեկանից բարձրերի համար, նախ որովհետև պատվաստանյութի արդյունավետությունը բարձր տարիքային խմբում շատ ավելի մեծ է եղել, և ընդհանուր առմամբ տարեց քաղաքացիներրը պատվաստումները շատ ավելի թեթև են տանում», - հավելեց Ավանեսյանը: Բացի այդ, նշեց, որ շատ դիմողներ էին ունենում ավելի ցածր տարիքի քաղաքացիներից, և պետությունն իրականացնում է իր քաղաքականությունը` պատվասանյութը հասանելի դարձնել բոլորին:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG