Մատչելիության հղումներ

Վերջին օրերին Հայաստանում մեծացել է պատվաստվել ցանկացողների թիվը


Բրիտանաշվեդական «ԱստաԶենեկա՞», ռուսական «Սպուտնիկ Վի՞», թե՞ չինական «ԿորոնաՎակ»... Ջուլիետա Առաքելյանը, ով ամիսներ առաջ բավականին ծանր է տարել Քովիդ-19-ը, շատ-շատերի պես հիմա բարդ ընտրության առջև է։

Վերջնական որոշում չի կարողանում կայացնել։ Միջազգային մամուլում կարդացած, լսած տեղեկատվությունից էլ ավելի է խճճվել․ - «Փորձում եմ ուսումնասիրել ու ինձ հարմարը գտնել։ Օրինակ, աստազենեկան․․․ ինչ-որ տարակարծություններ կան, երևի դուք էլ եք լսել։ Մի մասն ասում է, որ հանգիստ տանում են, մյուս մասն ասում է, որ պետք չի պատվաստվել»։

Մյուս կողմից, մտահոգիչ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի գրանցել ռուսական պատվաստանյութը։ Ու չնայած այս ամենին, Հայաստանը առաջիկայում նախատեսում է մեկ միլիոն դեղաչափ ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ ձեռք բերել։

Ջուլիետա Առաքելյանը փնտրում է պատասխան՝ «Սպուտնիկ Վի»-ով պատվաստվելու դեպքում խնդիր չի՞ առաջանա արդյոք արևմտյան երկրների մեկնելու դեպքում․ - «Այո, ընտանիքում բարձրացրել ենք այդ հարցը, դրել ենք քննարկման, որովհետև մտադրություն ունենք երկրից դուրս գալու, հատկապես ամռան ամիսներին»։

Քանի դեռ որևէ երկիր պատվաստանյութերի հստակ ցանկ դեռ չի ներկայացրել, սահմանափակումներ չկան, «Ազատությանը» հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ աշխարհի գերխնդիրն այսօր համընդհանուր պատվաստման գործըթնացը հաջողելն է, որպեսզի կոտրվի վարակի շղթան։

Մեր դիտարկմանը, թե արդյոք Արևմուտք - Ռուսաստան քաղաքական լարվածության պայմաններում հետագայում խնդիր չեն ունենա ռուսական պատվաստանյութով պատվաստված Հայաստանի քաղաքացիները, նախարարությունից արձագանքեցին, որ նման խնդիր այսօր որևէ երկիր չի ներկայացրել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահականը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր անգամ դեռ չկա պատվաստված լինելու պարտադիր պահանջ, ավելին՝ կա պատվաստանյութերիի խիստ անբավարարություն․ - «Կա խիստ անբավարարություն պատվաստանյութերի։ Դրանից ելնելով, այս պահի դրությամբ դեռևս չկա միասնական մոտեցում, թե որ պատվաստանյութերը կընդունեն, որը չեն ընդունի»։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում արդեն պատվաստվել է 10 հազար 727 մարդ՝ բնակչության 0,36 տոկոսը։ Մոտ մեկ շաբաթ է արդեն, ինչ պոլիկլինիկաներից բացի, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատվաստումային շարժական կետեր են գործում։

Այսօր մեր նկարահանման պահին փորքիկ հերթ էր գոյացել. հիմնականում արտերկրից էին. ֆիլիպինցի Նենսին իր հերթին էր սպասում, իրանցի Արիենն էլ քիչ առաջ էր ստացել «ԱստրաԶենեկայի» չափաբաժինը։

Արդյո՞ք շրջիկ պատվաստումները վտանգավոր չեն, կա՞ արդյոք բժշկական քարտ, հակացուցումներ, եղե՞լ են արդյոք իրավիճակներ, երբ հիվանդի վիճակը վատթարացել է։ Բժիշկներն ասացին, որ մինչև այս պահը խնդիրներ չեն առաջացել։

Ի դեպ, հենց մեր ներկայությամբ մի քաղաքացու մերժեցին պատվաստել, քանի որ նրա արյան ճնշումը բարձր էր։

Երևանյան կլինիկաներից մեկում աշխատող բժիշկ Լիլիթ Մարությանի խոսքով, բուժաշխատողը ընդամենը հարցերի միջոցով կարող է պարզել պատվաստվել ցանկացողի առողջական վիճակը։ Մկանացավ, գլխացավ, թուլություն, որոշ դեպքերում ջերմության բարձրացում, տեղային ցավ, այտուցվածություն. ըստ նրա, սրանք նորման երևույթներ են, որոնք անցնում են 2-3 օրից․ - «Միշտ էլ դրա մասին խոսվում է պացիենտի հետ, որ միլիոնից էսքանի մոտ սենց ռիսկ կա»։

Ցանկացած նոր պատվաստունյութ անցնում է վատ քարոզի միջոցով ամբողջ աշխարհում, սակայն բժշիկը խորհուրդ է տալիս պարզապես հետևել ճշգրիտ տեղեկատվությանը և անել սեփական հետևությունը։

Ինչ վերաբերում է հենց քովիդ-19-դեմ պատվաստվելու հակաքարոզին, մասնավորապես «ԱստրաԶենեկայի» շուրջ ստեղծված աղմուկին՝ տրոմբոզների առաջացման հետ կապված, ապա մասնագետը զգուշացնում է․ - «Նույն Քովիդ-19-ից հետո ունենալ այդ տրոմբոզի ռիսկը ութ անգամ ավել է, և սրա մասին, չգիտես ինչի, չեն խոսում»։

Արդեն իսկ վարակված մարդը վերջին սիմպտոմից 14 օր անց կարող է արդեն պատվաստվել։ Հիվանդացած մարդը, անգամ եթե ունի հակամարմիններ, կարող է նորից վարակվել․ - «Պատվաստումից հետո առաջացած հակամարմինները միանշանակ ավելի պաշտպանիչ են, քան այն հակամարմինները, որոնք արդեն իսկ ձեզ մոտ կան»։

Բժշկի խոսքով, պատվաստվելուց հետո պատվաստանյութի ազդեցությունը տևում է 6 - 9 ամիս։ Հնարավոր է, սա դառնա սեզոնային գրիպի պես տարին մեկ կրկնվող գործընթաց։

Ըստ պաշտոնական աղբյուրների, վերջին օրերին մեծացել է պատվաստվել ցանկացողների թիվը։ Զուգահեռաբար, նախորդ շաբաթների համեմատ, Հայաստանում նվազել են նաև կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերը։ Երեկ վարակվել է 83 մարդ։ Սակայն շարունակում է բարձր մնալ մահացության թիվը, երեկ մահացել է ևս 15 մարդ։

XS
SM
MD
LG