Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը մի փոքր ավելի է 5 հազարից, վարչապետի պաշտոնակատարը սա բավարար ցուցիչ չի համարում


Կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում, այսօր Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ այդ նախանշանները կապված են, իհարկե, առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ։

«Ըստ էության, այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում, գոնե վերջին շաբաթվա տվյալներով կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կորոնավիրուսի ամենաօրյա թվերի և միտումների որոշակի նվազում ունենք», - ասել է Փաշինյանը՝ նշելով՝ պատվաստումը Հայաստանում պետք է լինի համատարած։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավելի է 5 հազարից, սակայն վարչապետի պաշտոնակատարը սա բավարար ցուցիչ չի համարել։

«Ուզում եմ արձանագրենք, որ դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ, և մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կրկնապատկենք ու շատ դա արագ պետք է անենք: Պատվաստումը նշանակում է, որ մենք այդ ամենն ավարտելու հնարավորություն ենք ստանում, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի որակով կօգտագործենք այդ հնարավորությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ նպատակը պետք է լինի պատվաստումների հնարավորինս մեծ ծավալով իրականացումը, քանի որ այստեղ առաջին հերթին կա, առողջապահական բաղադրիչ, ինչպես նաև տնտեսական և քաղաքակրթական բաղադրիչ։

«Աշխարհում հիմա երկրները գնահատվում են ըստ նրա, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում: Եվ այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են՝ համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար», - շեշտել է վարչապետի պաշտոնակատարը:

Ընդգծելով, որ ինքը ևս պատվաստվել է՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատվաստումից հետո ընդհանրապես ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չի զգացել․ - «Նաև պատվաստված մեր մյուս գործընկերներից եմ հետաքրքրվել, և որևէ մեկն աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել»։

Վարչապետի պաշտոնակատարը հարկ է համարել ընդգծել՝ պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի հաշվին: Եվ այս առումով քաղաքացիները վճարելու հետ կապված որևէ հարց չունեն:

XS
SM
MD
LG