Մատչելիության հղումներ

Գործընթացն ամբողջությամբ իրավական է. Դավթյանը՝ Սյունիքի մարզ վարչապետի այցին հաջորդած ձերբակալությունների մասին


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Հրահանգ չի եղել, գործընթացն ամբողջությամբ իրավական է։ Այսպիսին է գլխավար դատախազ Արթուր Դավթյանի արձագանքը Սյունիքի մարզ վարչապետ Փաշինյանի վերջին այցին հաջորդած ձերբակալություններին։

Ապրիլի 21 -ի այցից հետո շուրջ 3 տասնյակ քաղաքացիների է մեղադրանք առաջադրվել, իսկ Գլխավոր դատախազության մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ իրավապահների գործողությունների դեմ։

Նույն օրը Կապանի մարզպետարանում վարչապետի հանդիպումը իրավապահներին և միջադեպով զբաղվելու հանձնարարականը Դավթյանը միջամտություն չի համարում. «Ինձ նման հրահանգ չի իջեցվել, ձեր թվարկած պաշտոնատար անձինք համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ և տեղի ունեցած իրադարձություններին կառավարության ղեկավարը, կարծում եմ, իր ենթակաների հետ կարող է կիսվել»:

Դավթյանը հայտարարում է՝ երբ ՍԴ-ը բավարարի իր դիմումը, Մարտի 1-ի գործով մեղադրանքը վերաորակելու հնարավորություն կունենան

Գլխավոր դատախազը փնտրում է այն մարդուն, ով իրեն է մեղադրում 2008 թվականի մարտյան դեպքերին առնչվող գործը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որը Սահմանադրական դատարանն անվավեր ու հակասահմանադրական ճանաչեց, դատարանում պաշտպանել է նաև անձամբ գլխավոր դատախազը։

Դավթյանին փոխանցեցինք պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունը, թե գործով զբաղվող իրավապահ մարմինների ղեկավարները պետք է հրաժարական ներկայացնեն:

«Հրաժարական տալն ինքնանպատակ չէ, եթե որևէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է: Հրաժարական տալու ընդհանրապես փաստն ինքնին պատասխանատվությունից խուսափել է և հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնական պարտականությունները քո համոզմունքով իրականացնելու համար ունես խոչընդոտ», - ասաց գլխավոր դատախազը:

Մարտի 1-ի գործը դատարանում փշրվել է որակումը նույնպես Դավթյանը չի ընդունում, ասում է՝ իրավական չէ։ Իսկ ի՞նչ է սպասվում գործին իրավական առումով։ Դատախազը սպասում է Սահմանադրական դատարան իր կողմից ուղարկված դիմումի պատասխանին, որից հետո մեղադրանքը վերաորակելու հնարավորություն կարող է ստեղծվել։

«Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը Սահմանադրական դատարանում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու և ըստ էության գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու: Իսկ եթե մեր դիմումը չի բավարարվում, այսինքն Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերաորակման հնարավորություն մեզ չի տալու, ուրեմն ստացվում է, որ մենք իմ ասած իրավական ճանապարհով չենք կարողանալու գնալ», - նշեց Արթուր Դավթյանը:

Ըստ գլխավոր դատախազի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում 1650 գործ է հարուցվել

44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում 1650 գործ է հարուցվել։ Այս գործերն առնչվում են թե՛ ադրբեջացիներին, թե՛ Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներին։ Այլ մանրամասներ Դավթյանը չփոխանցեց, չհերքեց իրավական ընթացակարգի մեջ են մտել նաև Փաշինյանի դեմ ուղղված դավաճանության մեղադրանքները կոնկրետ զինվորականների կողմից։ Հարցաքննվե՞լ է վարչապետը, թե՞ ոչ, չմանրամասնեց:

Այդտեղ հանցագործության դեպք չկա. Դավթյանը՝ վարչապետի խորհրդականի հետ կապված ձայնագրության մասին

Այդտեղ հանցագործության դեպք չկա, դա մասնագիտական քննարկում է։ Այսպես է արձագանքում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վարչապետ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի հետ կապված մամուլում վերջերս հայտնված ձայնագրությանը։

Համաձայն հրապարակման՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Դատախազն ասաց՝ փաստերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և դրանցով քրեադատավարական գործընթացներ են իրականացվել, մի մասով էլ դեռ շարունակվում են իրականացվել:

«Վարույթի ընթացքում պարզվել է, որ խոսքը վերաբերվել է կոնկրետ մասնագիտական քննարկումների: Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել», - ներկայացրեց Դավթյանը:

Ինչքան հաճախ է վարչապետի խորհրդականը նման աջակցություն ցուցաբերում իրավապահներին, դատախազը վիճակագրություն ներկայացնել դժվարացավ. «Չեմ կարող ասել, իրեն պետք է հարցնեք»:

Գլխավոր դատախազը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում էր իր տարեկան զեկույցը ներկայացնելու համար։ Քննարկմանը ընդդիմադիր և ոչ մի պատգամավոր չկար, իսկ իշխանականների թիվը քննարկման ողջ ընթացքում այդպես էլ մեկ տասնյակի չհասավ։

XS
SM
MD
LG