Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձն ապահովելու հարցով Հայաստանի նախագահը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է։ Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին: Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից», - նշել է հայաստանի նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին։

«Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում», - գրել է նախագահը՝ շարունակելով․ - «Դիմում եմ Ձեզ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»:

Հիշեցնենք՝ նախագահն ավելի վաղ գերիների հարցով նամակներ է հղել նաև ԵԽ և ԵԱՀԿ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

XS
SM
MD
LG