Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի խորհրդարանականը բանաձև է ներկայացրել` կոչ անելով Փարիզին Բաքվից պահանջել վերադարձնել հայ գերիներին


Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին բանաձև է ներկայացրել խորհրդարան` կոչ անելով պաշտոնական Փարիզին Բաքվից պահանջել վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են
հայրենիք վերադառնալուն: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է կոնվենցիաներին և միջազգային իրավունքին», - գրել է Պուպոնին։

Բանաձևը ստորագրել է 28 պատգամավոր, որոնց թվում են նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի անդամները: Այս տարվա ապրիլի 24-ին Պուպոնին խմբի անդամներից մի քանիսի հետ մասնակցել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

XS
SM
MD
LG