Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի ռազմագերու սպանության համար. Դրմեյան


Հայ ռազմագերու սպանության մասին տեղեկությունները Հայաստանի կառավարությունը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), «Ազատությանը» տեղեկացրեց Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Անցած նոյեմբերին համացանցի ադրբեջանական տիրույթում էր հայտնվել 18-ամյա ժամկետային զինծառայող Էրիկ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորներն հայ ռազմագերու վրա զենք էին պահել, նրան ստիպում էին ադրբեջաներեն ինչ-որ արտահայտություններ ասել։

Օրեր առաջ հուղարկավորված զինվորի դին անցած դեկտեմբերին հայտնաբերվել էր որոնողական աշխատանքների հետևանքով, բայց ԴՆԹ փորձաքննության արդյունքները միայն վերջերս էին ստացվել։ Դրմեյանն ասում է, որ այդ տեսանյութի հիման վրա էլ Եվրադատարանը միջանկյալ միջոց էր կիրառել ընդդեմ Ադրբեջանի, բայց, ցավոք, սա չօգնեց փրկել տղայի կյանքը։ Զինվորի սպանությամբ Ադրբեջանը խախտել է Ժնևյան կոնվենցիաները, ինչի համար պետք է ենթարկվի պատասխանատվության, ասում է Դրմեյանը։

«Անշուշտ, սկսած այն պահից, երբ Ադրբեջանը նկարահանում է գերավարված անձանց, այդ պահից սկսած Ժնևյան կոնվենցիաների խախտում է թույլ տալիս: Պետք է հաշվի առնել, որ Ժնևյան կոնվենցիաները շատ մասնագիտական լեզվով ասած հատուկ կանոններ են՝ ի տարբերության Եվրոպական կոնվենցիայի, և պատերազմական գործողությունների ժամանակ թույլ տրված խախտումների մասով ունեն հատուկ կանոնի կարգավիճակ, այսինքն դրանք անպայման կիրառվում են: Դատարանն այդ լույսի ներքո էլ է նայելու մեր կողմից բարձրացված խնդիրներին, իրավունքի խախտումներին, բայց միանշանակ խախտումն առկա է, և ես համոզված եմ, որ Ադրբեջանի համար պատասխանատվություն առաջանալու է Եվրադատարանի վճռով», - նշեց Լիպարիտ Դրմեյանը:

Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ, Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանին է ներկայացրել Հայաստանի կառավարության գանգատն ընդդեմ Ադրբեջանի։

Անցած փետրվարին Եվրադատարան ներկայացված այս դիմումում Հայաստանի կառավարությունը մատնանշել է 44-օրա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները՝ ռազմագերիների նկատմամբ վատ, անմարդկային վերաբերմունքի, նրանցից երեքի սպանության, խաղաղ բնակչությանը թիրախավորելու, տեղահանելու մասին է հայկական կողմի դիմումը։ Սպասվում է, որ առաջիկա տարիների ընթացքում ՄԻԵԴ-ը որոշումը կկայացնի։

«Փետրվարի 1-ին, երբ որ ներկայացնում էինք, միջպետական գանգատի առավելությունը նրանում է կայանում, որ այն շատ ավելի հեշտ հաղթահարելի լինի, ի տարբերություն անհատական գանգատների, այս առումով տարբերություն կա: Հենց այդ միջպետական գանգատը ներկայացվում է Եվրոպական դատարան կոմունիկացվում է պատասխանող պետությանը, այսինքն փետրվարի 1-ին մեր ուղարկած գանգատն իր հավելվածներով ու ամբողջ փաթեթի հետ միասին արդեն ուղարկվել է ադրբեջանի Հանրապետությանը», - նշեց Դրմեյանը:

Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգում է հայ ռազմագերիների հարցը, ասում է Դրմեյանը։ Եվրադատարանում նման որոշման են հանգել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների մասին ոչ հստակ և թերի տեղեկատվություն ներկայացնելուց կամ էլ առհասարակ չներկայացնելուց հետո։ Նախարարների կոմիտեն Ադրբեջանի դեմ հարցը քննելուց հետո կարող է քաղաքական որոշում կայացնել։

«Շատ լայն է այդ շրջանակը՝ հայտարարությունից սկսած մինչև կոնկրետ որոշման կայացում, որը ենթակա է կատարման և պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն կարող է դրվել Ադրբեջանի վրա», - ընդգծեց նա:

Ադրբեջանը այս ամիսների ընթացքում հաստատել է իր վերահսկողության տակ գտնվող 72 անձանց գերեվարման մասին։ Մինչդեռ հայկական կողմի տվյալներով, գերեվարված անձանց թիվը անցնում է 200-ը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց՝ գերեվարված անձանց հարցերը իրենց ուշադրության կիզակետում են, և որ իրենք ամենօրյա ռեժիմով շարունակում են կապ պահպանել կողմերի հետ։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրերին ունի հնարավորություն տեսակցելու անձանց, որոնք վերջին սրացման առնչությամբ պահվում են անազատության մեջ Ադրբեջանում: Մենք չենք հրապարակում հիմնականում՝ քանի հոգի է պահվում, և քանի որ մենք ենք տեսակցում, այս տվյալները հրապարակային չեն, մենք դրանք քննարկում ենք միայն համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ, սակայն ես կարող եմ հաստատել, որ որոշակի թվով անձանց, որոնց մասին Ադրբեջանի իշխանությունները հաստատել են իրենց որպիսության եղելիության հանգամանքը, ստացել ենք իրենց տեսակցելու հնարավորություն՝ պարբերական կերպով», - ասաց Ամատունին:

Հենց մարդասիրական այս կազմակերպության միջոցով են գերեվարված անձինք կապ հաստատում ընտանիքի անդամների հետ։ «Ազատության» հետ զրույցներում գերեվարված զինվորների հարազատները պատմում են, որ հնարավորություն են ունեցել Ադրբեջանում պահվող հարազատներից նամակներ ստանալ, տեղեկություններ ստանալ նրանց մասին։ Զառա Ամատունին ասաց, որ հեռախոսազանգերի հնարավորությունից բացի վերջերս գործարկել են նաև ևս մեկ հնարավորություն՝ գերեվարված անձանց տեսագրություններն են ուղարկում ընտանիքներին։

«Ձայնագրված տեսագրությունները իրենցից ներկայացնում են ուղերձ տվյալ գերեվարված անձի և ընտանիքի: Ինչպես նամակները, այս ուղերձը կամ հաղորդագրությունն իրենից ներկայացնում է ընտանեկան բնույթի որոշ տեղեկություններ անձի վերաբերյալ իր անունից, իհարկե, դրանից ավելի տեղեկություն չի պարունակում», - նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Պաշտոնական Բաքում հրաժարվում է Հայաստանին փոխանցել գերեվարված անձնաց՝ նրանց որակելով որպես ահաբեկիչներ։ Բացի Շիրակի մարզի պահեստազորայիններից, ըստ հայկական կողմի, գերության մեջ են նաև ժամկետային զինծառայողներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG