Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շաբաթներ շարունակ չի մեկնաբանել ապրիլի 6-ին Անկարայում տեղի ունեցած տգեղ դիվանագիտական միջադեպը, որը համաշխարհային քաղաքական ասպարեզում և մամուլում անվանել են sofagate՝ բազմոցի սկանդալ:
Սակայն երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նա խոստովանել է, որ Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած նվաստացուցիչ ու վիրավորական դրվագից խորը ցավ է ապրել:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայից ժամանած բարձրաստիճան հյուրերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելին հրավիրել է ընդունելության սրահ: Պարզվել է, որ այնտեղ երեք ղեկավարներին տրամադրվել է երկու բազկաթոռ, տղամարդիկ, ինչն այս պարագայում փոքր-ինչ չափազանցված է հնչում՝ հաճույքով անմիջապես բազմել են, իսկ շփոթված կինը զարմանքից բացականչել է, որոշ ժամանակ կանգնած է մնացել, ապա ստիպված տեղավորվել է մի քիչ ավելի հեռու գտնվող բազմոցին:
«Ես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահն եմ և համարժեք ընդունելություն եմ ակնկալել Թուրքիայում, բայց այդպես չէր, եվրոպական և ոչ մի պայմանագրում նման վերաբերմունքի արդարացում չկա, հետևաբար ես հանգել եմ այն եզրակացության, որ իմ նկատմամբ այսօրինակ վերաբերմունք էր իմ կին լինելու պատճառով, արդյո՞ք նման բան կպատահեր, եթե ես լինեի կոստյումով և փողկապով, այդ սրահը պատկերած բազում հին լուսանկարներում ես շատ բազկաթոռներ եմ նկատել, ճիշտ է, այդ նկարներում պատկերված չէր և ոչ մի կին»,- ասել է ֆոն դե Լայենը:
Միջադեպից օրեր առաջ Էրդողանն արձակել էր Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու հրամանագիրը և խիստ քննադատության էր ենթարկվել եվրոպական բոլոր քաղաքական, պետական և իրավապաշտպան կառույցների կողմից: Թուրքիայում, հիմնականում մեծ քաղաքներում, տեղի են ունեցել բողոքի ցույցեր:
Սկանդալի հնարավոր բացատրություններից առավել հավանական են երկուսը՝ կա՛մ sofagate-ն արարողակարգային թյուրիմացություն էր, կա՛մ էլ Էրդողանը ցանկացել է բառիս բուն իմաստով «իրենց տեղը նստեցնել» կանանց ու հատկապես Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Պաշտոնական Անկարան՝ նախագահի աշխատակազմը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում են, թե Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Շարլ Միշելին ընդունելու արարողակարգն, իբր, համաձայնեցվել է Բրյուսելի հետ, իսկ բարձրաստիճան հյուրերին նախագահի նստավայրում ստորացնելու մասին եվրոպացիների տարածած ասեկոսեները սոսկ անհիմն մեղադրանք են և զրպարտություն:
Իսկ ինչո՞ւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն անմիջապես չի կողմնորոշվել, չի կանգնել և որպես ջենտլմեն իր բազկաթոռը չի առաջարկել Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
«Ինչ վերաբերում է բազկաթոռի միջադեպին, ես արդեն հրապարակավ խոսել եմ, ներողություն եմ խնդրել հանձնաժողովից և բոլոր նրանցից, ովքեր իրենց վիրավորված են զգացել, պատճառը հայտնի է՝ Եվրոպական խորհրդի արարողակարգի թիմին չեն ընձեռել հանդիպման սրահ մտնելու հնարավորություն, և Եվրոպական հանձնաժողովն էլ պրոտոկոլի թիմ նախապես չէր ուղարկել: Ես և Ուրսուլա ֆոն դեր Լայենն ամեն ինչ կանենք, որ ապագայում նման բան չպատահի, և համապատասխան հանձնարարականներ ենք տվել մեր արարողակարգի և դիվանագետների խմբերին»,- ասել է Շարլ Միշելը:
Գերմանական և բրիտանական համալսարաններում կրթություն ստացած, մասնագիտությամբ տնտեսագետ և բժիշկ, նախկինում Գերմանիայի երիտասարդության և ընտանիքի հարցերի, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի, դրանից հետո էլ պաշտպանության նախարար, 7 երեխաների մայր, 62-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի ընդհանուր պատկերի մեջ է դիտում տհաճ միջադեպը:
Երեկ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում` նա ընդգծել է, որ կանայք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, նշել է, որ ինքը՝ որպես բարձրաստիճան և հեղինակավոր պաշտոնյա, ունի մեծ լծակներ, կարող է բարձրաձայն բողոքել, իսկ ի՞նչ անեն աշխարհի չորս անկյուններում ապրող միլիոնավոր կանայք, ովքեր ձայնազուրկ են և չունեն մի ատյան, որից կարող են օգնություն խնդրել:
«Մեծարգո՛ պատգամավորներ, շատերդ՝ հատկապես այս հեղինակավոր տանը ներկայացված կանայք, անցյալում նման պահեր երևի ապրել եք, վստահ եմ, որ գիտեք, թե ինչ եմ ես զգացել. ես վիրավորված էի և միայնակ՝ որպես կին և եվրոպացի, և սա հյուրերին տեղավորելու արարողակարգի հարց չէ, սա մեր էության հարցն է, սա մեր միության պաշտպանած արժեքների հարցն է, և դա ցույց է տալիս, թե որքան երկար ճանապարհ դեռ պետք է անցնենք, որ ընդմիշտ և ամենուր ապահովենք հավասար իրավունքներ կանանց համար»,- երեկ Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: