Մատչելիության հղումներ

Եվրամիության ղեկավարների Անկարա այցի շուրջ սկանդալը թափ է հավաքում


Հանդիպումը Թուրքիայի նախագահական պալատում, Անկարա, 6-ը ապրիլի, 2021թ․
Հանդիպումը Թուրքիայի նախագահական պալատում, Անկարա, 6-ը ապրիլի, 2021թ․

Երեք բարձրաստիճան պաշտոնյա՝ ընդամենը երկու աթոռ․ Եվրամիության ղեկավարների Թուրքիա կատարած այցի շուրջ սկանդալը թափ է հավաքում։

Երեքշաբթի օրը եվրոպական դաշինքի ղեկավարները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Անկարա էին ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու։ Մամուլի համար լուսանկարվելուց հետո եռյակը մտել է բանակցությունների համար նախատեսված սենյակ, որտեղ Եվրամիության և Թուրքիայի դրոշների մոտ տեղադրված էր ընդամենը երկու աթոռ, դրանք շտապել են զբաղեցնել սենյակում գտնվող տղամարդիկ՝ Էրդողանը և Միշելը։ Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աթոռ չունենալու պատճառով մի քանի րոպե շարունակ կանգնած է մնացել, ապա ստիպված է եղել տեղավորվել քիչ հեռու գտնվող բազմոցի վրա։ Տեսանյութում հստակորեն լսվում է տեղի ունեցածից շփոթված դեր Լայենի հարցական բացականչությունը, որին, սակայն, տղամարդ պաշտոնյաները որևէ կերպ չեն արձագանքում։

Սկանդալն իսկույն ստացել է «սոֆագեյթ» անվանումը, միջադեպի շուրջ խոսակցություններն ավելի է թեժացրել այն հանգամանքը, որ դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից Միշելի ու ֆոն դեր Լայենի պաշտոնները համահավասար են, և երկուսն էլ հավասարապես ներկայացնում են Եվրամիությունը բարձր մակարդակով։ Դա է թերևս պատճառը, որ Եվրոպայի քաղաքական շրջանակները տեղի ունեցածում մեղադրում են նախ և առաջ Միշելին, ով ինքն է շտապել տեղ զբաղեցնել Էրդողանի կողքին՝ փաստացի կանգնած թողնելով գործընկերուհուն։

Հիշեցնենք՝ Եվրամիության ղեկավարության Թուրքիա այցի օրակարգի գլխավոր հարցերից մեկը կանանց իրավունքների կարևորությունն էր։

Մեկ օր տևած լռությունից հետո Շառլ Միշելն ի վերջո որոշել է արձագանքել իր հասցեին քննադատությունների տարափին՝ սրտնեղելով, թե թուրք նախագահի նստավայրից տարածված տեսանյութերից սխալ տպավորություն է ստեղծվել։ Եվրոպացի պաշտոնյան իր գործողությունների համար ներողություն չի խնդրել, տեղի ունեցածում էլ իրեն մեղավոր չի համարում, ծավալուն հայտարարությունում այդպես էլ չի պատասխանել ամենաշատը հնչող հարցին՝ ինչո՞ւ իրեն հատկացված աթոռը չի զիջել իր կին գործընկերոջը, նաև չի հստակեցրել՝ քննարկե՞լ է արդյոք միջադեպը թուրք գործընկերների հետ։

Թուրքական կողմը, շտապելով արձագանքել տեղի ունեցածին, հայտարարել է, թե իրենք մեղավոր չեն՝ տեղերի դասավորվածությունը որոշվել է Եվրամիության առաջարկով։ «Եվրամիության կողմից առաջարկներն ու պահանջները կատարվել են, և հանդիպման ընթացքում իրականացվել է համապատասխան արարողակարգը», - պարզաբանել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այդ միջադեպի ընթացքում շատերի գնահատմամբ թուրք պաշտոնյաների կողմից վիրավորանքի և ստորացման արժանացած ֆոն դեր Լայենը նախընտրել է չսրել իրավիճակը, նրա խոսնակ Էրիկ Մամերը, այդուհանդերձ, հայտարարել է, թե նախագահը հանձնարարել է քայլեր ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ։

Եվրախորհրդարանում, մինչդեռ, մտադիր չեն անարձագանք թողնել թուրքական ընդունելության այդ դրվագը, եվրոպացի պատգամավորները պնդում են, որ գործ ունեն Էրդողանի հերթական սադրանքի հետ, պահանջելով այդ հարցով բազմակողմանի քննարկումներ։

«Նախ նրանք լքում են Ստամբուլյան կոնվենցիան, իսկ հիմա էլ Եվրոպական հանձնաժողովի նախագահին պաշտոնական այցի ընթացքում թողնում առանց աթոռի։ Խայտառակություն»,- հայտարարել է իսպանացի պատգամավոր Իրատչե Գարսիա Պերեսը:

Հոլանդացի պատգամավոր Սոֆի Ին’տ Վելդի համոզմամբ՝ տեղի ունեցածը դժվար է պատահականություն համարել: Նա Թվիթերում հրապարակել է Թուրքիայի նախագահի հետ Եվրամիության նախկին ղեկավարների՝ Դոնալդ Տուսկի և Ժան-Կլոդ Յունկերի հանդիպման լուսանկարը, որը վկայում է՝ վերջիններս հավասար վերաբերմունքի են արժանացել։

Դաշինքի անդամ երկրներն իրենց միանալ ցանկացող Թուրքիայի պահվածքն անընդունելի են համարում։ Ֆրանսիայում «ցնցված» են, Իտալիայում էլ կոչ են անում «իրերն իրենց անուններով կոչել»՝ գործ ունեն «բռնապետ պաշտոնյաների անընդունելի պահվածքի հետ»։

«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, մենք պետք է համագործակցենք այդ բռնապետերի հետ, բայց դա չի խանգարում մեզ ազնիվ մնալ տեսակետներ, կարծիքներ արտահայտելու հարցում, ու նաև այն մասին, թե ինչպես պետք է զարգանա հասարակությունը», - հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։

Թուրքիայում Եվրամիության նախկին դեսպան Մարկ Պյերինին գրեթե կասկած չունի, որ տեղի ունեցածի հեղինակն անձամբ Էրդողանն է։ «Սա թուրքական կրոնական պահպանողականների հերթական ժեստն է», - համոզված է դիվանագետը։

XS
SM
MD
LG