Մատչելիության հղումներ

«Մենք մեր ձեռքն ենք մեկնում, և հուսով ենք, որ Թուրքիան պատասխան քայլեր կանի». ԵՄ ղեկավարները ժամանել են Անկարա


Եվրամիությունն ուզում է նոր թափ հաղորդել Թուրքիայի հետ հարաբերություններին, և պատրաստ է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել, սակայն, դրա համար Անկարան պետք է կառուցողական դեր ստանձնի, բարելավի հարաբերությունները Հունաստանի,Կիպրոսի հետ և խստորեն պաշտպանի ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները․ սա էր ԵՄ բարձրաստիճան երկու պաշտոնյաների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկվար Ուրսուլա ֆոն դեր Լայենի այսօրվա հիմնական ուղերձը Թուրքիայի իշխանություններին։

«Մենք մեր ձեռքն ենք մեկնում, և հուսով ենք, որ Թուրքիան իր հերթին պատասխան քայլեր կանի», - Անկարայում հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ նախագահ Էրդողանի հետ դռնփակ հանդիպումից հետո, - «Թուրքիան պարտավոր է հարգել միջազգային իրավունքի նորմերը և չափորոշիչները։ Եվրամիությունը երբեք չի ընկրկի բարձրաձայնել այս ոլորտում առկա բացասական զարգացումների, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների, օրինակ, Հունաստանի կամ Կիպրոսի դեմ ձեռնարկված միակողմանի քայլերի մասին»։

Բրյուսելի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած ամռանը, երբ Թուրքիան ակտիվ հետախուզական աշխատանքներ սկսեց Միջերկրականի արևելյան՝ էներգակիրներով հարուստ հատվածում։ Հունաստանն ու Կիպրոսը պնդում էին, թե Անկարան ոտնահարում է իրենց տարածքային ամբողջականությունը՝ պահանջելով եվրոպացի դաշնակիցներից կոշտ միջոցներ ձեռնարկել էրդողանի վարչակազմի դեմ։

Ամիսներ շարունակ Անկարան պնդում էր, թե որևէ զիջման չի գնա, վերջին շաբաթներին, սակայն, թուրքական լիրայի սրընթաց անկման, տնտեսական դժվարությունների և Նահանգներում իշխանության եկած նոր վարչակազմի ֆոնին նախագահ Էրդողանը փոքր-ինչ մեղմել էր դիրքորոշումը և անգամ բանակցություններ սկսել Հունաստանի հետ։ Ողջունելով այս զարգացումները՝ Եվրահանձնաժողովի նախագահը միաժամանակ ընդգծեց՝ միտումը պետք է շարունակական լինի։

«Մենք ուզում ենք առաջ շարժվել և ապագայում շատ ավելի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն, այս պահին դեռ այդ ճանապարհի սկզբում ենք, և առաջիկա շաբաթներն ու ամիսները ցույց կտան, թե որքան ճանապարհ կարող ենք անցնել միասին»,-հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Թուրքական կողմի «կառուցողական ու դրական քաղաքականության դիմաց» Եվրամիությունը խոստանում է արդիականացնել տարիներ առաջ ստեղծված Մաքսային միությունը, ակտիվացնել վիզաների ազատականացման գործընթացն ու բարձր մակարդակի բանակցությունները Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ, որոնք սառեցված են արդեն տևական ժամանակ։ Բացի այդ, Բրյուսելը խոստանում է նաև շարունակել ու վերանայել հինգ տարի առաջ կնքված գործարքը, որով Անկարան համաձայնել էր ապաստան տրամադրել սիրիացի մոտ չորս միլիոն փախստականների՝ վեց միլիարդ եվրո ֆինանսական օժանդակության դիմաց։

«Մենք պատրաստ ենք ավելացնել գումարները», -այսօր հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը, միաժամանակ առաջ քաշելով նոր նախապայման՝ այդ միջոցները պետք է տրամադրվեն փախստականների ինտեգրման, նրանց համար բարեկեցության առավել լավ պայմաններ ապահովելու համար։

Թուրքական կողմը առայժմ Բրյուսելի առաջարկներին հրապարակավ չի արձագանքել․ նախագահ Էրդողանը եվրոպացի առաջնորդների ասուլիսին այսօր ներկա չէր։ Իրենք՝ եվրոպացիները մի քանի անգամ շեշտեցին, որ պատրաստվում են հետևել Անկարայի քայլերին և գնահատել դրանք միության առաջնորդներ՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։

XS
SM
MD
LG