Մատչելիության հղումներ

«Պատերազմից 6 ամիս անց հայկական մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված մնալ»


Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում, այսօր հրավիրված ասուլիսին ասաց Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը

Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում վտանգված է մոտ 2000 հուշարձանի ճակատագիրը, այդ թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար և 4 մատուռ, արգելոցներ։ Արցախի կորսված տարածքներում են մնացել նաև 127 դպրոցական գրադարաններ՝ 617 հազար գրքերով, ինչպես նաև 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշներով։

«Տիգրանակերտի պատմահնագիտական պետական արգելոց թանգարանը նորից թշնամու վերահսկողության տարածքում է, ցավոք սրտի, Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում: Դեռևս մեզ հայտնի չէ Հունոտի կիրճը համարվելու է մերը, թե ոչ: Միջազգային գիտահետազոտական արշավանքներ իրականացվել էին Ազոխում, և հայտնաբերված բոլոր ցուցանմուշները, վիդեոներով ապացույցները կան, տարել են Ադրբեջան», - ասաց Ղարախանյանը:

Արցախի մշակույթի նախարարը վտանգված մշակութային արժեքները մեկը մյուսի հետևից թվելով, ընդգծում է՝ Եղեռն եղեռնից հետո. «Մենք փորձում ենք և՛ խաղաղապահ ուժերի միջոցով, և՛ Արտգործնախարարության խողովակաշարերով, և՛ միջազգային կառույցների միջոցով, բայց դեռևս չկան այն սաստող, այն կոնկրետ քայլերը միջազգային կառույցների կողմից, և ԻԿՈՄՕՍ-ը Ռուսաստանի էլի արձագանքեց պաշտոնական գրությամբ, որ մենք կապի մեջ կլինենք, կհամագործակցենք, բայց կոնկրետ շոշափելի, առարկայական մեր հուշարձանները պահպանելու, պաշտպանելու համար չկա»:

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը

Պատերազմից 6 ամիս անց հայկական մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված մնալ, ընդգծում է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը։ Նշում՝ ադրբեջանական կողմը չի համագործակցում, ինչի հետևանքով չեղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկող հանձնախմբի այցը տարածաշրջան։

«Կրկին ականատես ենք լինում Ադրբեջանի այս մոտեցմանը, որը փորձում է խեղաթյուրել առաքելության նպատակը և հիմնական մասշտաբները, թե որտեղից պետք է լինեն: Մենք պնդում ենք, որ առաքելությունը պետք է լինի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում, և պետք է այն ունենա արդյունքների ուղղված նպատակ: Այսինքն պետք է այցելել այն վայրերը, այն հուշարձանները, որոնք այսօր գտնվում են վտանգված վիճակում», - նշեց Խաչատրյանը:

Շաբաթներ առաջ ադրբեջանցիները հերթական հայկական հուշարձանն էին ավերել Շուշիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը։ Ըստ շրջանառվող լուսանկարների` ավելի վաղ էլ ադրբեջանցիները Շուշիում քանդել էին Կանաչ ժամ եկեղեցին, դեռևս պատերազմի ժամանակ հատուկ նշանառությամբ երկու անգամ խոցել էին Ղազանչեցոց եկեղեցին։

Վերջերս BBC-ն էր ռեպորտաժ հրապարակել «Լեռնային Ղարաբաղ. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով, որտեղ լրագրողը հետաքննել է Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացումը։ Երեկ էլ ադրբեջանցիները տեսանյութ էին տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են հանել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները և խաչը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը

Այս դեպքերը շարունակական են, արդյոք չկա՞ որևէ զսպող օղակ, որպեսզի կանխվի վանդալիզմն ու մշակութային կոթողների պղծումը։

«Եթե մտնում ես իրավական դաշտ և ուզում ես միջազգային քաղաքակրթական լեզվով խոսել մի երկրի հետ, որտեղ կարող է լինել հաղթանակի պուրակ, արդեն պարզ է, որ փակուղիներն անխուսափելի են, երկխոսությունը բարդ է», - ասաց
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը

Մշակութային արժեքների ոչնչացումը միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի անվանելն անգամ քիչ է, «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովին այսօր հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ուղղակիորեն արգելված է սա: Նշվեց Հաագայի կոնվենցիան՝ մշակութային արժեքների պաշտպանության մասին զինված ընդհարումների ժամանակ, դա միակ փաստաթուղթը չէ, ցանկացած մարդասիրական իրավունքի հիմնարար նորմ այդ պաշտպանությունը տալիս է, և նաև նույնիսկ խաղաղ ժամանակահատվածում դա ևս կարևոր է ընդգծել: Այս ամբողջ պատկերը, որ մենք տեսնում ենք արդեն 100-ամյակից ավելի է, պարզ է նաև ցեղասպանությանը հետևող, ցավոք սրտի, միգուցե նախացեղասպանական ինչ-որ նշաններ ունեցող երևույթներ են», - նշեց Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG