Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի մշակույթի նախարարի, հայկական եկեղեցիները ոչնչացնելու քարոզ է տարվում ամենաբարձր մակարդակով


Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, արխիվ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, արխիվ

Արցախում մշակութային և հոգևոր բազմադարյա ժառանգության ճակատագիրը շարունակում է մնալ վտանգված և Արցախի մշակույթի նախարարի պնդմամբ՝ միջազգային հանրությունը, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անտարբեր է մշակույթի իրավունքի պահպանման հանդեպ։

Նախարարը ցավով նշեց՝ այս օրերին նախատեսվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնախմբի այցը ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներ, սակայն Ադրբեջանը կարողացել է խափանել այդ ծրագրերը, ավելին՝ զուգահեռաբար հայկական եկեղեցիները ոչնչացնելու քարոզ է տարվում ամենաբարձր մակարդակով։

«Բոլորովին վերջերս Ադրբեջանի ճարտարապետների ասոցիացիայի նախագահը Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին հայտարարություն է արել, ու սա միանշանակորեն վկայում է հայկական արմատները վերացնելու նույն նպատակային ծրագրերի մասին։ Ես ցավով եմ ուզում արձանագրել, որ միջազգային կառույցներն այսօր կա՛մ ի զորու չեն, կա՛մ պարզապես չեն ցանկանում կանխել մշակութային եղեռնը», - ասաց Ղարաղանյանը։

Ի դեպ, հայկական կողմն արդեն հաջորդ շաբաթ զեկույց է ներկայացնելու ՄԱԿ-ին, որտեղ թվարկվելու է, թե ինչ շարժական և ոչ շարժական մշակութային արժեքներ են մնացել Հադրութում, Շուշիում, Քարվաճառում, Քաշաթաղում, առհասարակ Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնց թիվը, ըստ նախարարի բավականին մեծ է։ Ու մինչ կուղարկվի զեկույցը, արդեն երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները պղծում Հադրութի շրջանի Առաքել գյուղում տեղադրված հայկական հուշարձան-խաչքարը։ Ի դեպ, տեսանյութն իր թվիթերյան էջում տեղադրել էր նաև Հայաստանի ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արցախի մշակույթի նախարար ընդգծեց՝ այս քայլով ադրբեջանցիները շարունակում են հոգևոր ցավ պատճառել հայերին․ - «Մենք հուզականորեն շատ կապված ենք, հադրութցիներն էմոցիոնալ ուժեղ կապ ունեն Կատարոյի հետ, և ընդհանրապես ցանկացած հուշարձանի հետ մարդու էմոցիոնալ, ինտելեկտուալ, զգացմունքային կապը խզելը նշանակում է նորից նրան սպանել, սպանել հոգևոր դաշտում։ Հուշարձանների ոչնչացմամբ ինքը փաստորեն նորից տարածքները լեգիտիմացնելու քայլեր է անում, բայց իրականում ոչ միայն պատմական, այլ նաև համաշխարհային նշանակության քաղաքակրթական արժեքներ կան այստեղ, որոնց ճակատագիրը վտանգված է», - նշեց նախարարը։

Ռուս խաղապահները հսկում են 30 խոշոր հուշարձաններ, ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել Տողի Մելիքական ապարանքը, Կատարո վանքը, Ազոխի թանգարանը, Տիգրանակերտի հնավայրը, Շուշիում Ղազանչեցոց, Կանաչ Ժամ եկեղեցիները, Երկրագիտական, Պատմության թանգարանները՝ յուրօրինակ հավաքածուներով, Կերպարվեստի թանգարանը՝ այնտեղ ցուցադրվում էր Գառզու և Սարյան, շատ եկեղեցիներ, խաչքարեր։

Ի դեպ, դեռ պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով ուշադրության տակ առնել բազմադարյա արժեքները՝ թույլ չտալով թիրախավորել դրանք։ Որպես օրինակ բերվել է երկու անգամ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, որ մասին, ի դեպ նաև գրել էր հեղինակավոր Human Rights Watch իրավապշտպան կազմակերպությունը «Պատերազմական հանցագործություն» ծավալուն զեկույցում։ Արցախի մշակույթի նախարարի պնդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից այդպես էլ արձագանք չի եղել։

Այլևս հույս չդնելով միջազգային հանրության վրա, հայկական կողմը նաև որոշել է գործարքային մի առաջարկ անել Ադրբեջանի իշխանություններին։ Առաջին պատերազմից հետո հայկական կողմում են մնացել մեծ թվով ադրբեջանական կտավներ։

«Ադրբեջանական շատ գեղանկարներ ունենք մենք պահված մեր ֆոնդում, բարտերի մեխանիզմով գուցե փոխանակենք Շուշիի պատկերասրահների նկարների հետ։ Այս տարբերակն էլ քննարկվելու, օրակարգ է մտցվելու, որպեսզի մենք փոխանակում անենք», - հայտնեց Լուսինե Ղարաղանյանը։

Ինչու այս տարիների ընթաքցում այդպես էլ չմշակվեց մի մեխանիզմ արժեքավոր իրերը, հուշարձաները տարհանելու համար։ Արցախի մշակույթի նախարարն ասում է՝ գուցե բացթողումներ եղել են տարիների ընթացքում, բայց այս պատերազմում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Շուշիի պես անառիկ քաղաքը կարող էր մի քանի օրում անցնել Ադրբեջանին։ Նույնը Հադրութի դեպքում։ Այդ իրավիճակում արդեն առաջնայինը մարդկային կյանքեր փրկելն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG