Մատչելիության հղումներ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակ է հղել Ալիևին, քննադատել Բաքվի «Ռազմավարի պուրակը»


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ, արխիվ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խորը արմատներ գցած վիրավորանքները։

Այդ համատեքստում, Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ, որում պատերազմի ընթացքում առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ, այդ թվում՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ։ «Նման պատկերները ես համարում եմ մեծապես անհանգստացնող և նվաստացուցիչ», - շեշտել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ հավելելով, որ «նման ցուցադրությունը կարող է միայն է՛լ ավելի ուժեղացնել տևական թշնամական զգացմունքները և ատելության խոսքը, բազմապատկել և խրախոսել անհանդուրժողականության դրսևորումները»։

Միյատովիչն Ալիևին կոչ է անում «ամուր դիրքորոշում որդեգրել ընդդեմ թշնամանք կամ ատելություն բորբոքող հռետորության կամ գործողությունների և փոխարենը լիակատար աջակցություն ցուցաբերել ու քաղաքական հենարան հանդիսանալ հակամարտությունից տուժած բնակչությունների միջև խաղաղությունը և հաշտեցումը խրախուսող ջանքերին՝ մտքում ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը»։

Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնում առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ ընդգծելով, որ իր մանդատը թույլ է տալիս մուտք ունենալ մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը երկրի սահմաններում։


XS
SM
MD
LG