Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը դիմել է գլխավոր քարտուղարին` Բաքվում բացված «պուրակի» հարցով


ՄԱԿ գլխավոր քարտուղարը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,- ԱԳՆ-ի հաղորդմամբ` դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում։

Հիշեցնենք՝ օրերս ադրբեջանական թանգարանների շարքը համալրվեց ևս մեկով, որի նմանօրինակը աշխարհում ընդամենը մի քանիսն են, որոնք էլ բացվել են Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի նախաձեռնությամբ։ Բացօթյա այդ թանգարանի հանդիսավոր բացմանն անձամբ է ներկա եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հրճվանքը չթաքցնելով լուսանկարվել այդ տեսարանների ֆոնին։ Այս «պուրակը» բուռն քննադատությունների է արժանացել միջազգային հանրության կողմից. բռնապետից մինչև պատերազմական հանցագործ են անվանում Ալիևին միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ:

XS
SM
MD
LG