Մատչելիության հղումներ

Արփի Վարդանյանն սպասում է, որ այլ երկրներ չեն վախենա և կճանաչեն Հայոց ցեղասպանությունը


Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը համոզմված է, որ այսուհետև մյուս երկրները չեն վախենա կամ չեն խուսափի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ասաց Վարդանյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Արփի Վարդանյան - Միանգամից ասեմ, որ սա շատ կարևոր բան է. ԱՄՆ նախագահ Բայդենն ինքը 30 տարի գիտի Հայոց ցեղասպանության մասին և միշտ ընդունել է: Կարևորը, որ ԱՄՆ նախագահը եզրույթն օգտագործել է, մանավանդ արի հաշվի առնենք, որ 19 թվականին և՛ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատն ընդունեցին, հաստատեցին, այսինքն` այդ 3 ճյուղերը ԱՄՆ-ի կառավարության ընդունել են, հաստատել են, վերահաստատել են Հայոց ցեղասպանությունը, այսինքն` իրենք կասկած չեն առաջացնում, չեն հերքում, չեն ժխտում, ընդունում են ԱՄՆ-ի պատմությունը, հայերի պատմությունը և Օսմանյան կայսրության արածների պատմությունը: Դա շատ կարևոր է, որպես ամերիկացի եթե նայենք, ամերիկացները ասում են` 100 տարի առաջ էր, ի՞նչ պետք է: Շատ պետք է, որովհետև պատմությունը եթե չհասկանաս, չընդունես, պիտի կրկնվի, ու սա արդեն առաջընթաց է, որ դա նորից չկրկնվի թե՛ հայերի նկատմամբ, թե՛ ուրիշների նկատմամբ: Ու կարծեմ, մեր բոլորի համար պարզ է` ինչ եղավ անցյալ տարի ադրբեջանցիների և թուրքերի կողմից ցեղասպանության հետևանքով: Իրենք փորձեցին նորից ու նորից փորձում են ոչնչացնել, բնաջնջել հայերին այս տարածաշրջանից:

Դա մեկ, երկրորդ` շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանելու համար, որ մարդիկ զգան, որ պաշտպանված են, որ ականջի հետև չեն գցի, պիտի մարդիկ հետևեն, որ իմանան, որ այսպիսի բան եղավ: Հաշվի կառնեն ու կաշխատեն օգնել: Երրորդ` ես կասեի, որ սա ոնց որ իմպուլս է մյուս երկրների համար աշխարհում, իրենք որ տեսնեն, շատ անգամ ասել ենք, հիմա դա կիրականացվի, թե չէ: Ասել ենք, որ եթե ԱՄՆ-ն վերահաստատի Հայոց ցեղասպանությունը, և նախագահն օգտագործի այդ եզրույթը, շատ հնարավոր է, որ ուրիշ երկրներ Ամերիկայից օրինակ վերցնեն և նույն բանն անեն: Դա շատ կարևոր է:

Կարող է այսօր չլինի, վաղը չլինի, բայց ես սպասում եմ, որ ուրիշ երկրներ պիտի արդեն չվախենան կամ չխուսափեն ու ընդունեն, հաստատեն Հայոց ցեղասպանությունը: Չեմ կարծում` կա երկիր այս աշխարհում, որ չունի իր արխիվներում այն փաստերը, որ ապացուցում է, որ Հայոց ցեղասպանություն տեղի ունեցել է: Շատերը կարող է չէին ուզում այդպես բան անել, որովհետև թուրքերը միշտ սպառնում էին, ոնց որ հաճախ արել են Ֆրանսիային, երբ որ Ֆրանսիան ընդունել է, կամ Ֆրանսիայի որևէ մարմին ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ու Ֆրանսիան չվախեցավ, արեց, ընդունեց, հաստատեց, ու Թուրքիան էլ փորձեց իր դեսպաններին հետ կանչել կամ այլ խոչընդոտներ մտցնի իրենց հարաբերությունների մեջ: Հետո հաշտվեց, ու ամեն ինչ նորմալացավ: Թուրքիան կարող է շատ վախենալ, բայց ես ավելի շատ քաջություն եմ տեսնում այստեղ նախագահ Բայդենի, այդ ամեն ինչը լավ գիտակցելով` ինքը արեց ճիշտը: Մենք բոլորս այս աշխարհում, ոչ միայն հայերս կամ ամերիկացիները, բոլորս պետք է դրանից օրինակ վերանցնենք, գիտակցելով` ինչ վտանգ կարող է քեզ սպասել, կամ ինչ վախենալու բան են ասում, կամ սպառնալիք կարող է լինի` պետք է ճիշտը ասվի, ուշ թե շուտ պիտի հաղթես: Ես, օրինակ, տարիներ շարունակ, երևի մարդկանց ձանձրացրել եմ, բայց ասել եմ, որ պիտի այսպիսի բան լինի: Չէի կարող ասել ես որ թվին, որ նախագահի խոսքերով, բայց շատ ուրախ եմ, որ այսպիսի բան տեղի ունեցել է:

«Ազատություն» - Հաշվի առնելով, որ Ջո Բայդենը ժամանակ առ ժամանակ, տարիներ շարունակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին, խոստացել, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյոք Դուք սպասում էիք, որ նա կճանաչի և ապրիլքսանչորսյան ելույթի մեջ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

Արփի Վարդանյան - Հա, ես 99.5 տոկոս վստահ էի, որ ինքը պիտի օգտագործի, 100 տոկոսով ոչ ոք չի կարող վստահ լինել: Եվ ես վստահ էի, որ երբ որ օգտագործեր «Ցեղասպանություն» եզրույթը, պիտի օգտագործեր ապրիլի 24-ի հայտարարության մեջ, որովհետև դե հունվարին է նոր ստանձնել իր աթոռը, և ամենամոտիկ օրը, ամենահարմար օրը ապրիլի 24-ն է: Ես դա էի սպասում, կարծեմ, հիմա սրանից հետո խնդիր չի լինելու, որ նախագահը, իր պաշտոնյաները կամ նշանակածները, միգուցե նույնիսկ դեսպանը Հայաստանում չեն խուսափի, վախենա կամ հետ քաշվեն ցեղասպանություն բառն օգտագործելուց կլոր տարվա ընթացքում, ոչ միայն ապրիլի 24-ին: Կուզեի ավելացնել մեկ բան. շատերը կարող է հարցեր ունեն` բա հիմա ի՞նչ: Արի, մենք հիմա վայելենք այս հաղթանակը, որովհետև դա շատ կարևոր է, ու վաղը չէ մյուս օրը սկսենք մտածել` ինչ կարող ենք և ինչ պիտի անենք, բայց արի ուժ հավաքենք սրանից, որ մեզ ցույց է տվել, որ մենք բոլորս կարող ենք միասին աշխատելով` մի թիմի մեջ, կարող ենք հասնել մեր նպատակներին ու հետո պետք է որոշենք` ինչ նպատակ է հաջորդը, որ հասնենք դրան:

XS
SM
MD
LG