Մատչելիության հղումներ

«Բոինգ»-ի վերադարձով ուրախացողները շատ են, առեղծվածային թռիչքի մասին տեղեկությունները՝ առայժմ քիչ


 Boeing B737-300 օդանավը
Boeing B737-300 օդանավը

Իրանում հայտնված ու շուրջ երկու ամիս քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձած «Բոինգ»-ը, որ Հայաստանում միայն լուսանկարներով էին տեսել, ապրիլի 23-ին վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։

«Եկեք զուտ ուրախանանք, որ վերջապես վերադարձավ օդանավը», - ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Ինքնաթիռի վերադարձով ուրախացողները շատ էին, իսկ առեղծվածային թռիչքի մասին տեղեկությունները՝ քիչ։ Համենայն դեպս հիմա, երբ քրեական գործ է հարուցված, որևէ մանրամասն քննության ընթացքի վերաբերյալ ներկայացնել չեն շտապում, հստակ է մեկ բան՝ ինքնաթիռն առևանգելու փորձ է արվել, քրեական գործն էլ հարուցվել է օդանավը զավթելու հատկանիշով։

«Հիմա դեռ քննություն ենք անում, չեմ կարող բաց խոսել քննության արդյունքների մասին, հենց որ ավարտվի քննությունը, անպայման առանձին մենք հայտարարությամբ [հանդես] կգանք: Մենք չենք պատիժ տվողները, բայց հուսով եմ, որ կլինեն, որովհետև սա հանցագործություն է», - նշեց Ռևազյանը:

«Բոինգ» B737-300 տեսակի ամերիկյան արտադրության ինքնաթիռը գրանցված էր հայկական «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության շարժակազմում, որը 5 տարով վարձակալել էր այն։ «Բոինգ»-ը թույլտվություն էր ստացել Տալլինն քաղաքից ուկրաինական Հոստոմել օդանավակայան թռչելու՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով, սակայն շեղվել էր նախնական ուղուց, վայրէջք կատարել Վառնայում, ինչից հետո ուղղություն վերցրել դեպի Իրան։

Շուրջ երկու ամիս պահանջվեց իրանական կողմի հետ բանակցելու, ինքնաթիռի տեխնիկական խնդիրները վերացնելու ու ամերիկյան արտադրության «Բոինգ»-ը Հայաստան տեղափոխելու համար։ Դժվարությունները բազմաթիվ էին՝ պնդում են թե՛ ավիաընկերությունից, թե՛ Քաղավիացիայի կոմիտեից։

«Ի վերջո, հասկանալով, թե որ երկրում է գտնվում, և այնտեղ դետալներ չես կարող տեղափոխել, դրա համար ինքնաթիռը, երկար տևեց իր վերանորոգման պրոցեսը, և դրանից հետո միայն հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան», - ասաց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության փոխտնօրեն Կարինե Սահակյանը:

«Դժվարությունը կապված էր նրա հետ, որ մենք ընկել էինք թակարդը՝ նախօրոք պլանավորած հանցագործ խմբի թակարդը, ու իրենք մեզ լավ չէին ճանաչում՝ ինքնաթիռը Երևանում է», - նշեց «Բոինգ» B737-300 ինքնաթիռի հրամանատար Արթուր Հարությունյանը:

Ինքնաթիռը Հայաստան վերադարձնելու համար տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվել մասնավորի կողմից, պետբյուջեի համար ֆինանսական բեռ չի եղել, ասում է ինքնաթիռի հրամանատարը: Թռիչքային վարչության պետի տեղակալ Սերգեյ Սենեկերեմյանն էլ արձանագրում է՝ ինքնաթիռն այժմ տեխնիկական խնդիրներ չունի. - «Ամեն ինչ լավ անցավ թռիչքը, առանց որևէ պրոբլեմի, ինքնաթիռը նորմալ վիճակում է»։

Թեև ինքնաթիռը հիմա սարքին է, այդուհանդերձ, դրա հետագա ճակատագիրը դեռ անհայտ է, քննության ավարտից հետո միայն հստակություն կլինի։ Ավիաընկերությունը խոստանում է պատշաճ աշխատել Հայաստանում՝ նոր ինքնաթիռներ ներգրավելով, իսկ իր մասնակցությունը ինքնաթիռի առևանգման գործին կամ վաճառքը իրանական կողմին՝ բացառում է։

«Մենք ենք հայտնաբերել մեր ինքնաթիռը, որը, այո, փորձել են առևանգել, դրա շրջանակում քրեական գործ է հարուցված, և մենք հիմա այդ մասով ամբողջ ինֆորմացիան տրամադրել ենք համապատասխան մարմիններին: Ով որ ավիացիայում լինի, շատ լավ հասկանում է, որ օդաչուն էլ չի կարող առևանգել: Դրա համար, ես, եկեք, մանրամասներ քանի որ չեմ կարող դեռ հրապարակել, այդ ամեն ինչը իրավապահ մարմինների թույլտվությամբ և իրենց հետ աշխատանքից հետո մենք կհրապարակենք», - ասաց «Ֆլայ Արմենիա էյրվեյզ»-ի փոխտնօրեն Կարինե Սահակյանը:

Որ «Բոինգ»-ը վաճառվել է Իրանին՝ շրջանառվող ամենատարածված վարկածն էր, այս մասին նաև իրանալեզու մամուլն էր գրում։ Ավելին, նշվում էր, որ գործարքը դեպքից ամիսներ առաջ է կատարվել, գնորդն էլ Caspian Airlines ավիաընկերությունն է, որն իր շարժակազմում 3 «Բոինգ» ունի։

Միացյալ Նահանգները, որն արգելել է ցանկացած ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին, կոչ էր արել այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ըստ քաղավիացիայի՝ ինքնաթիռը վերադարձնել հնարավոր եղավ Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ՝ իրանական կողմի հետ գործակցության արդյունքում։ Քաղավիացիայի կոմիտեն անցկացրած քննության և արդյունքների մասին պարզաբանմամբ հանդես կգա առաջիկայում:

XS
SM
MD
LG