Մատչելիության հղումներ

Իրանում հայտնված հայկական օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»


Րոպեներ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ամերիկյան արտադրության և հայկական գրանցմամբ Boeing ինքնաթիռը, որն արդեն երկու ամիս է` հայտնվել էր Իրանում: Ինքնաթիռի վերադարձը հնարավոր է դարձել Քաղավիացիայի կոմիտեի, ինչպես նաև Արտգործնախարարության համատեղ աշխատանքի արդյունքում:

Կոմիտեից և ինքնաթիռը շահագործող Fly Armenia Airways-ից նշում էին, որ ինքնաթիռը շեղվել է նախնական ուղղությունից. ինքնաթիռը պետք է ուղևորվեր դեպի Հոստոմելի օդակայան, տեխնիկական սպասարկման նպատակով, հայտնվել էր Իրանում:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ներկայացուցիչներից կազմված խումբն արդեն երկար ժամանակ գտնվում էր Իսլամական Հանրապետությունում, որտեղ բանակցությունների էին վարվում ինքնաթիռը Հայաստան վերադարձնելու համար:

Նշենք, որ շրջանառվող ամենատարածված վարկածն այն էր, որ ինքնաթիռը հայկական կողմը վաճառել է Իրանին, քանի որ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, ԱՄՆ-ն արգելել է ցանկացած տեսակի ինքնաթիռների, այդ թվում` տեխնիկական մասերի վաճառումը և ցանկացած կերպ տրամադրումը Իրանին, հետևաբար այս երկիրը պարբերաբար միջոցներ է փնտրում այդ պատժամիջոցները շրջանցելու համար:

Միացյալ Նահանգները կոչ էր արել կողմերին հնարավորինս արագ բացահայտել և վերադարձնել ինքնաթիռը:

Boeing737-300 ինքնաթիռը գրանցված է Fly Armenia Airways-ի շարժակազմում, որը 5 տարի ժամկետով վարձակալել էր, այսինքն` չի հանդիսանում տվյալ ինքնաթիռի սեփականատերը, և այն Հայաստանում որևէ թռիչք չէր իրականացրել: Ավիաընկերությունից տեղեկացնում էին, որ ինքնաթիռի վերադարձը ձգձգվեց, քանի որ այն ուներ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, և պետք էր բերել պատշաճ իրավիճակի թռիչք իրականացնելու համար:

XS
SM
MD
LG