Մատչելիության հղումներ

18 օր անց «Բոինգը» դեռ Իրանից ՀՀ չի վերադարձվել. խնդիրը հայտնվել է նաև ԱՄՆ ուշադրության ներքո


Boeing 737-300 օդանավ, արխիվ

Արդեն 18 օր է անցել ամերիկյան արտադրության, հայկական գրանցմամբ «Բոինգի» Իրանում հայտնվելուց հետո։ Ինքնաթիռը դեռ Իրանում է, իսկ վերադարձի մասին որևէ հստակություն չկա։

Փետրվարի 23-ն էր, որ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր էջում տեղեկություն հրապարակեց օդանավի Իրանում հայտնվելու մասին։ Նույն օրը Հայաստանի քաղաքացիական ավիացիան, իսկ հաջորդ օրը ինքնաթիռը վարձակալած «Ֆլայ Արմենիա» ավիաընկերությունը հաղորդագրություն տարածեցին` պարզաբանելով, որ օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ, և դրանք շարունակելու նպատակով օդանավը պետք է տեղափոխվեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան։

Փետրվարի 20-ին, սակայն, օդանավն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։ Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ ընթանում է քննություն, հայտարարեցին երկու կողմերն ու լուռ մնացին մինչև մարտի 4-ը։

Լռությունը նախ խախտեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով Ազգային ժողովի ամբիոնից մարտի 4-ին հայտարարեց, որ իրանական կողմի հետ կա համաձայնություն՝ օդանավը հենց այդ օրը Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիան՝ տեղեկացնելով, որ համաձայնությունը կա, սակայն Հայաստան վերադարձնելու համար նախ պետք է հասկանալ ինքնաթիռի տեխնիկական վիճակն ու թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով Իրան է մեկնել աշխատանքային խումբ՝ Քաղավիացիայի և ավիաընկերության ներկայացուցիչներով։

«Ազատությունը» փորձեց տարվող աշխատանքների մասին տեղեկությունը ճշտել ավիաընկերությունից, պատասխանը նույնն էր՝ սպասել աշխատանքների ավարտին, իսկ ժամկետն անհայտ է։

«Դեռ աշխատանքային փուլում է իրականում, դեռ աշխատում են, որպեսզի ինքնաթիռը կազմ-պատրաստ վերադարձնեն Հայաստանի Հանրապետություն: Այդ պատճառով չենք շտապում դեռ հայտարարություն անել, բայց պատրաստվում ենք համենայն դեպս», - փոխանցեց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի պատասխանատու Արսեն Հայթյանը:

Քանի որ Միացյալ Նահանգներն արգելել է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումն Իրանին, այս խնդիրը հայտնվել է նաև ԱՄՆ ուշադրության ներքո, և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը` հիշեցնելով, որ նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

Ինքնաթիռի Իրանում հայտնվելուց ի վեր շրջանառվող ամենահավանական վարկածը ինքնաթիռի վաճառքն է Իրանին, իսկ նման գործարքներ Հայաստանը ժամանակին արել է, ասում է «Հետքի» (Hetq.am) լրագրող Վահե Սարուխանյանը, ով նաև ուսումնասիրել է Միացյալ Նահանգների առևտրի դեպարտամենտի արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «սև ցուցակը» ու պարզել, որ այդ ցուցակում ներառված 5 հայկական ընկերություններից 2-ը ավիացիայի ոլորտից են` «Վերթիռը» և «Վետերան Ավիան». «Վերթիռը» հիմնականում վերցնում էր օդանավեր այլ երկրներից, հետո գրանցում էր Հայաստանում, տալիս էր իրանական ավիաընկերություններին, այսինքն` ծառայում էր որպես հարթակ Իրան օդանավ տեղափոխելու համար: Ինքն առանձնապես չէր օգտագործում իր կարիքների համար օդանավեր: «Վետերանը» հայտնվել էր ոչ թե կոնկրետ այսպես օդանավ տալու հետ կապված, այլ ուղղակի ինքը Միջազգային վետերան ավիացանցի անդամ էր, այդ ցանցն էլ պատկանում էր Միրչանդամի գործարար ընտանիքին, իրենք, ասում էին, որ կապ ունեն Սիրիա ռուսական փող տեղափոխելու և «Մահան էյրի» հետ իրանական»:

Վահե Սարուխանյանը բացահայտել է նաև մեկ այլ ուշագրավ փաստ. ըստ aerotransport.org-ի տվյալների՝ 2016-2017 թթ., երբ ինքնաթիռը գրանցված էր Ռումինիայում, այն փորձել է ձեռք բերել Իրանի ազգային փոխադրող «Իրան էյրը», սակայն գործարքը չի կայացել: Տարիներ անց օդանավն, այդուհանդերձ, հասավ Իրան:

«Բոինգի» Թեհրանում հայտնվելուն անդրադարձել է նաև բրիտանական «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվաեին, ով նաև ռազմական և պաշտպանական ոլորտի փորձագետ է: Իր հոդվածում նա ներկայացրել է արբանյակից արված լուսանկարներ, որտեղ երևում է, որ օդանավը Իրան հասնելուց հետո տեղափոխվել է իրանական տեխսպասարկում իրականացնող խոշոր ձեռնարկության տարածք։

«Երբ որ հայկական պատվիրակությունը` Քաղավիացիա, «Ֆլայ Արմենիա» և այլն, եկել էին, որ այդ օդանավը տեսնեին, տեղափոխել էին այլ տարածք ու շարժիչը բացել էին, որ իբր տեսեք` գործ ենք անում: Սա իրանցի հեղինակը` Բաբակ Թաղվաեին, մի քիչ կասկած է հայտնել, որ իրականում բեմադրություն է եղել, որ տեսեք-տեսեք` իրականում այս օդանավը, որ Թեհրան է հասել, խնդիր է ունեցել», - ասում է Վահե Սարուխանյանը:

Հոդվածում հեղինակը, հղում անելով Իրանի զինված ուժերի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության իր աղբյուրին, նշում է, որ հայկական «Բոինգ 737-300»-ը գնել է «Caspian Airlines» ընկերությունը 8 ամիս առաջ, երբ ինքնաթիռը դեռ լիտվական «GetJet Airlines»-ի շարժակազմում էր։ «Caspian Airlines»-ը ներկայումս ունի 3 հատ «Բոինգ 737-400» և 2 հատ «Բոինգ 737-500»։ Արդեն տարիներ շարունակ պատժամիջոցների տակ գտնվող Իրանում ավիատեխնիկա, այդ թվում` առանձին պահեստամասեր ձեռք բերելը լրջագույն խնդիր է, և Թեհրանը պարբերաբար այդ խնդիրները լուծելու, պատժամիջոցները շրջանցելու համար դիմում է այլ երկրների օգնությանը։

«Բոինգը» 5 տարով վարձակալած «Ֆլայ Արմենիա» ավիաընկերությունը օդանավը Հայաստանում գրանցել է 2020 թվի դեկտեմբերի 30-ին և որևէ ուղղությամբ թռիչք չի իրականացրել։ 2019-ին հայկական շուկա մուտք գործած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը իր հաշվեկշռում 2020-ի նոյեմբերին գրանցել է ևս մեկ ինքնաթիռ՝ 2 տարի ժամկետով, 32 տարի առաջ արտադրված ևս մեկ «Բոինգ», որը դեռևս որևէ թռիչք չի իրականացրել։ Նման հնության ինքնաթիռն ավելի հավանական է, որ չի էլ շահագործվի։ Ընդ որում, այս տարվա հուլիսին լրանում է նաև ավիաընկերությանը 1 տարով տրամադրված օդանավ շահագործողի վկայականի ժամկետը։

Արդեն երեք շաբաթ է` օդանավի այս պատմությունը ավելի շատ հարցականներ է պարունակում, քան պատասխաններ։ Գործով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, այժմ ընթանում է նախաքննություն։

XS
SM
MD
LG