Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի՝ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի կապակցությամբ, ընդգծելով՝ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Վարչապետն իր ուղերձում նշել է, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության «ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայրենիքից զրկվեցին նաև պոնտոսցի հույները, ասորիներն ու եզդիները։

Վարչապետը նշել է նաև, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի «բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։

«Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները», - նշված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG