Մատչելիության հղումներ

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը


ԵՊՀ գլխավոր մասնաշենքը, արխիվ

Երևանի Պետհամալսարանի (ԵՊՀ) դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են Ազգային ժողովից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, երկրի գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ», - ասված է մայր բուհի 15 ֆակուլտետների դեկանների, 2 ինստիտուտների և հետազոտական 1 կենտրոնի տնօրենների, ԵՊՀ արհմիության ու ուսխորհրդի նախագահների ստորագրած հայտարարությունում։

«Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը», - շեշտում են ԵՊՀ դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները։

Օրինագիծը Ազգային ժողովից հետ չկանչելու և նոր նախագիծ չպատրաստելու դեպքում հայտարարության հեղինակներն իրենց իրավունք են վերապահում «իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG