Մատչելիության հղումներ

Կիևն ու Թբիլիսին հույսեր են կապում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի հետ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Թբիլիսին և Կիևը հույս ունեն, որ հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փաստաթղթերում կարտահայտվեն Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու իրենց ձգտումները։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ապրիլի 22-ին ասել է․ - «Քանի որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրների առաջնորդները գործնականում պլանավորելու են կազմակերպության հաջորդ տասնամյակի ապագան, մենք կցանկանայինք ևս մեկ անգամ հստակորեն ընդգծել եվրատլանտյան մեր մտադրությունների լրջությունը։ Հուսով ենք, որ Ուկրաինայի այդ դիրքորոշումը կարտահայտվի Բրյուսելում հունիսի 14-ին քննարկվելիք փաստաթղթերում»։

Նրա խոսքով՝ համաշխարհային և եվրոպական անվտանգության համար ՆԱՏՕ-ի մոտակա գագաթնաժողովի որոշումներում կարող է ուժեղ ազդանշան լինել հավատարմությունը Բուխարեստի 2008 թվականի գագաթնաժողովի որոշումներին, որտեղ բացվել է դաշինքին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության հեռանկարը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, քննարկվել է Վրաստանի բարեփոխումների ընթացքը, որոնք անհրաժեշտ են եվրատլանտյան ինտեգրացիայի համար։ Վրաստանի նախագահը նաև կոչ է արել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ակտիվորեն մասնակցի Սևծովյան տարածաշրջանում կայունություն ապահովելու ջանքերին։

«Սալոմե Զուրաբիշվիլին և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Սև ծովի անվտանգության հարցերը։ Նախագահն ընդգծել է ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներգրավվածության կարևորությունը սևծովյան նավահանգիստներում կայունություն ապահելու համար», - հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ անդրադարձ է կատարվել նաև Բրյուսելում հունվարի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ընդգծվել է բաց դռների քաղաքականության կարևորությունը։

Ստոլտենբերգը Զուրաբիշվիլիին շնորհավորել է Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության կապակցությամբ, որի շնորհիվ հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը։ Եվրամիության միջնորդությամբ համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 19-ին։

Ստոլտենբերգն ու Զուրաբիշվիլին քննարկել են նաև Աֆղանստանից խաղաղապահներին դուրս բերելու հարցերը։ Վրաստանը Աֆղանստանում մեծ զորախումբ ունեցող երկրներից մեկն է։

XS
SM
MD
LG