Մատչելիության հղումներ

Սյունիքում վարչապետի դեմ ցույցերի կազմակերպիչները Վանեցյանն ու Քոչարյանն են. Արման Բաբաջանյան


«Ազատությունը» հյուրընկալել է Ազգային ժողովի պատգամավոր, «Հանուն հայրենիքի» կուսակցության ղեկավար անդամ Արման Բաբաջանյանին։

«Ազատություն»․ - Նախ Սյունիքում կատարվածի մասին։ Այդ մթնոլորտը կարո՞ղ է տարածվել ողջ քարոզարշավի վրա։

Բաբաջանյան․ - Ամենևին։ Ես այդպիսի մթնոլորտ չեմ տեսել Հայաստանի որևէ բնակավայրում։ Հակառակը, հենց այսօր ես վերադարձել եմ Ապարանից, մի քանի բնակավայրերում ենք եղել, և պիտի տեսնեիք, թե այդ նույն գյուղացիները այս բողոքների իրական կազմակերպիչներին անվանապես ինչպես էին հայհոյում և ինչպես էին նրանց վերաբերվում և ասում, թե թող փորձեն այդ մարդիկ՝ Քոչարյան, Վանեցյան և մյուսներ, Դաշնակցություն, թող փորձեն այդ գյուղական բնակավայրերի մատույցներում երևալ և կտեսնեն, թե մենք ինչ պատասխան կտանք։ Այն ատելությունը, որ նրանք վաստակել են այդ բնակավայրերում․․․ Վերջին առավելապես 20 տարիների նրանց պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների բերումով ուղղակի նրանք տեղ չունեն մեր քաղաքական համակարգում։ Եվ ինձ համար շատ հատկանշական է տեսնել Սյունիքում այս խումբը, այս փոքրամասնությունը և նրանց բառապաշարը, որը հատուկ չէ մեր ժողովրդին։ Ես երբեք չեմ տեսել, որ մեր ժողովրդի նույնիսկ փոքրամասնության այսպիսի խմբավորում իրեն թույլ տա երկրի ղեկավարի նկատմամբ այս տեսակ դրսևորումներ։ Ես հասկանում եմ, դա որտեղից է գալիս։ Դա անօգնական, այլևս պայքարի այլ միջոց չունենալու իրողությունները հաշվի առնելով, ես հասկանում եմ, որ ընդհանուր քաղաքական համակարգը ապականելու, այլասերելու գործընթաց է մեկնարկել․․․

«Ազատություն»․ - Ինչո՞ւ եք ասում Քոչարյան, Վանեցյան, Դաշնակցություն․․․

Բաբաջանյան․ - Ես կարծում եմ, այո, հիմնական դերակատարները՝ Վահե Հակոբյան, ով պղնձամոլիբդենային կոմբինատում ունի կարևոր դերակատարություն և ահռելի նյութական միջոցներ։ Ես շատ լավ գիտեմ, թե կոմբինատը ինչպիսի դերակատարություն է ունենալու առաջիկա ընտրություններում, ինչպիսի ռեսուրսներ են ներդրված և ինչպիսի վախի մթնոլորտ է ողջ Սյունիքում։ Սյունիքից մենք ունենք շատ ակտիվ ներգրավված անդամներ, ում ահաբեկում են մեզ անդամակցելու, մեզ աջակցելու համար։ Նույնիսկ սպառնում են, որ ոչ միայն իրենց, այլև իրենց հարազատներին, իրենց հարազատների հարազատներին ուղղակի կազատեն աշխատանքից, եթե նրանք շարունակեն աջակցել մեզ և ոչ իմ նշած անձանց՝ Քոչարյանին, մնացածին, Վանեցյանին, ով ևս կոմբինատում կարևոր դերակատարություն ունի։

«Ազատություն»․ - Այդ գործիքները կարո՞ղ են նաև բուն քվեարկության օրը բանեցվել։

Բաբաջանյան․ - Ես այդ ռիսկերի մասին խոսել եմ և հարց եմ բարձրացրել վերջին քառօրյային հարցուպատասխանի ժամանակ․ ռիսկերը, որոնք շարունակում են մնալ, առավելապես, այո, զինված բանդաները, որոնք շարունակում են կենսունակ մնալ, դրանք միայն Սյունիքում չեն, դրանք Երևանում են․․․ Մենք գիտենք, որ քաղաքական այսօր գործող դերակատարների, ովքեր նախկինում իշխանության են եղել, տրամադրության տակ կան զինված բանդաներ։ Մենք հստակ տեսել ենք դրանց նոյեմբերի 9-10-ի գիշերվա գործողություններում։ Դրանք բոլորը ազատության մեջ են։ Դատական համակարգի աջակցությամբ, իրավապահ համակարգի ինչ-որ հատվածների հովանավորությամբ՝ դրանք շարունակում են կենսունակ մնալ։ Եվ սա ուղղակի մեր պետությունը էապես թուլացնելու նպատակաուղղված քայլեր են ձեռնարկվում, և սա արվում է Ալիևի նախօրեին արած այդ խայտառակ հայտարարություններից հետո, երբ ըստ էության մեզ Զանգեզուրից վռնդելու վերաբերյալ ուղղակի հայտարարություն էր արվել։ Եվ ես ուղղակի ապշում եմ այդ փոքրամասնության տրամադրությունների վրա, որակների վրա, որոնք ինչ-որ նյութական առաջարկների դիմաց համաձայնել են էսպիսի վարքագիծ դրսևորել պետության ղեկավարի նկատմամբ։ Մեկի, ով շարունակում է ինձ համար մնալ ժողովրդի իշխանության խորհրդանիշը՝ անկախ իմ ունեցած բազմաթիվ անհամաձայնություններից։ Որովհետև ես հասկանում եմ, որ Հայաստանի ինքիշխանությունը այսօր մազից է կախված, և դրա այսօր կրողը, ժողովրդի իշխանության կրողը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ցանկացած ոտնձգություն, այդ թվում այսօր Սյունիքում տեղի ունեցածը, ոտնձգություն է Հայաստանի ժողովրդի իշխանության նկատմամբ։ Մարդիկ, ովքեր լծվել են ամեն գնով իշխանությունը վերստանձնելու․․․ ռևանշիստական բոլոր քայլերը մի նպատակ ունեն՝ հայ ժողովրդին հիմնավորապես և վերջնականապես զրկել իշխանություն ձևավորելու իրավունքից։ Այսինքն՝ Հայաստանը վերջնականապես դարձնել վասալ Ռուսաստանի, նոքյար Ռուսաստանի»։

XS
SM
MD
LG