Մատչելիության հղումներ

«Նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի, հյուսիսադրբեջանական միջանցքի մասին», Փաշինյանն արձագանքում է Ալիևին


Զանգեզուրն ուժով վերցնելու՝ Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին այսօր հենց Սյունիքից Նիկոլ Փաշինյանն է արձագանքել։ «Սադրիչ ու հակասական», վարչապետի որակումներն են Ալիևի հայտարարություններին։

Սյունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, մյուս կողմից էլ` ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին է հայտարարում։

«Այսօր էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են և պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը կրկին հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին ոչ մի խոսք չկա, դրանում խոսվում է տարածաշրջանի ապաշրջափակման մասին. «Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին»:

Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով ցանկանում է վիժեցնել գործընթացը, կարծում է Փաշինյանը։ «Ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ լարելով, սրելով իրավիճակը տարածաշրջանում», - ընդգծեց վարչապետը:

Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում կրկին խոսել էր, Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, սպառնացել թե ադրբեջանական կողմը իրականություն է դարձնելու Զանգեզուրի միջանցքը՝ Հայաստանը ցանկանա, թե ոչ։

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին։ Մենք իրականություն ենք դարձնում Զանգեզուրի միջանցքը, ցանկանա Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ապա ավելի լավ, եթե չցանկանա՝ ուժում կլուծենք այդ հարցը։ Այնպես, ինչպես պատերազմի ընթացքում և դրանից առաջ ասացի, որ նրանք պետք է իրենց բարի կամքով դուրս շպրտվեն մեր հողերից, կամ մենք մեր ուժով կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Այդպիսին կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը», - նշել է Իլհամ Ալիևը։

Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի սպառնալիքները

Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին Հայաստանից արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարն էր արձագանքել։ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը», - ընդգծել է Նաղդալյանը:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքում է, թե Ալիևը սպառնացել է հայկական կողմին

Մինչդեռ Ալիևի երեկվա ուղիղ սպառնալիքներից հետո արդեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հերքում է, թե Ադրբեջանի նախագահը սպառնացել է հայկական կողմին, ավելին՝ հայտարարում է, թե դրանք չեն հանդիսանում սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Ադրբեջանից հնչող հայտարարությունները սպառնալիք են ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականությանը. քաղաքագետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները կոնկրետ սպառնալիք են ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականությանը, պաշտոնական Բաքուն հերքի դա, թե ոչ, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Մենք պետք է հենվենք Ադրբեջանի նախագահի հայտարարության վրա, որը նորից եմ ասում, նա հստակ նշեց, որ եթե Հայաստանը չտրամադրի միջանցք, ոչ թե ճանապարհ, այլ միջանցք Սյունիքի մարզի տարածքով դեպի Նախիջևան, ապա Ադրբեջանն ուժով կբացի այդ միջանցքը և նա ասաց՝ ինչպես ես ասում էի, որ ուժով կվերցնենք օկուպացված տարածքները, և ես դա արեցի, այնպես էլ ուժով կբացեմ միջանցքը, և ես դա կանեմ: Այսինքն այստեղ ամեն ինչ շարադրված է ավելի քան հստակ», - ասաց Պողոսյանը:

Քաղաքագետը պաշտոնական Երևանի արձագանքն անհամարժեք է համարում, ասում՝ Ալիևին այս դեպքում Հայաստանի վարչապետը պետք է արձագանքեր ուղիղ և կոնկրետ` հայտարարությամբ։

«Հայաստանը պետք է հայտարարի, որ ինքը դուրս է գալիս ճանապարհների շուրջ որևէ բանակցությունից, քանի դեռ, առաջին, հետ չեն վերադարձվել այն 200 գերիները, որոնք Ադրբեջանում են, և երկրորդ՝ պետք է հայտարարի, որ քանի դեռ Ադրբեջանի նախագահը հայտարարությամբ հանդես չի եկել և չի հերքել իր իսկ նշած հայտարարությունները միջանցքի և ուժով այդ միջանցքը բացելու մասին, Հայաստանը դադարեցնում է իրա մասնակցությունը», - ասաց Պողոսյանը:

Պողոսյանի համոզմամբ՝ մի բան հստակ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ցանկանում են Սյունիքի տարածքով Նախիջևանը Ադրբեջանի մի հատվածին կապող միջանցք, որի նկատմամբ Հայաստանը որոշակի սահմանափակ ինքնիշխանություն կունենա։

XS
SM
MD
LG