Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է գերիների խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Երկկողմ ռազմական համագործակցությանը, Ռուսաստանի տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր են քննարկել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ կայացած հանդիպման ժամանակ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հարությունյանը կարևորել է Ռուսաստանի դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:

Բարձր գնահատելով Արցախում իրականացվող Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը, նախարարը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը:

Հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը, կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, շուրջ մեկ ամիս առաջ ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

XS
SM
MD
LG