Մատչելիության հղումներ

Նավալնիի փաստաբաններն ահազանգում են, որ նրա առողջությունը վատացել է


Կրեմլում չեն հետևում, թե ինչ վիճակում է Նավալնիի առողջությունը, դա քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի գործառույթն է, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Ընդդիմադիր գործչի փաստաբանները մինչդեռ ահազանգում են, որ նրա առողջությունը վատացել է:

Ալեքսեյ Նավալնին բժշկական հետազոտություն է անցել գաղութում: Ըստ արդյունքների` նրա առողջական վիճակը բավարար է: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Վլադիմիրի մարզի դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից:

Քաղաքական գործչի փաստաբանները նախօրեին հայտարարել էին, որ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրանց խոսքով` անցած շաբաթավերջից ընդդիմադիր գործիչը մեջքի շրջանում ուժեղ ցավեր ունի, բացի այդ, նա բողոքել է, որ ցավեր ունի ոտքի շրջանում: Միևնույն ժամանակ փաստաբանների պնդմամբ` Նավալնին մինչ այժմ ստացել է միայն ցավազրկող երկու հաբ: Չորեքշաբթի օրը Նավալնիի փաստաբաններին թույլ չեն տվել տեսակցել ընդդիմադիրին: Ըստ քրեակատակողական դաշնային ծառայության` այդ օրը քաղաքական գործիչը հետազոտվել է իր իսկ խնդրանքով:

Այսօր հայտնի դարձավ, որ Նավալնիի կինը` Յուլիան մարտի 24-ին կրկին մեկնել է Գերմանիա: Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքսը»` հղում անելով իր աղբյուրին: Գործակալությունն այլ մանրամասներ չի հայտնում: Սա Յուլիա Նավալնիի երկրորդ ճանապարհորդությունն է Գերմանիա այն բանից հետո, երբ ամուսնու պայմանական պատժաչափը փոխարինել են իրական պատժով «Իվ ռոշե»-ի գործով: Նավալնիի թունավորումից հետո նրա երեխաները մնում են արտերկրում:

Փետրվարի 2-ին, հիշեցնենք, Մոսկվայի Սիմյոնովյան շրջանի դատարանը Ալեքսեյ Նավալնիին գաղութ էր ուղարկել 2013-ի քրեական գործով: Քաղաքական գործիչը ստիպված կլինի շուրջ 2.5 տարի անցկացնել բանտում: Նա պատիժը կրում է Մոսկվայից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պոկրով քաղաքի թիվ երկու ուղղիչ գաղութում: Օգոստոսի 22-ից նա բուժում էր անցնում Բեռլինի կլինիկայում «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով թունավորվելուց հետո: Արևմտյան երկրները սրա պատճառով նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեպ, իսկ ՌԴ իշխանություններն ասում են, թե թունավորում չի եղել: Հունվարի 17-ին Նավալնին վերադարձել էր Ռուսաստան, ձերբակալվել օդանավակայանում, այնուհետև նրան դատապարտել էին 3.5 տարվա ազատազրկման:

Հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներում անցել են բողոքի բազմամարդ ակցիաներ, այնուամենայնիվ նրա թիմակիցները հայտարարել էին, որ որոշ ժամանակով դադարեցնում են բողոքի ակցիաները: Երկու օր առաջ, սակայն, նորից հայտարարել էին, թե վերսկսում են ակցիաները, բայց ձևաչափը և թե երբ, հայտնի չէ:

Այս տարի, նշենք, Ռուսաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը չունի բարձր վարկանիշ, փորձագետները համոզված են, որ բողոքի ակցիաները կակտիվանան ամռանը, և Ռուսաստանում թեժ նախընտրական շրջան կլինի: Տեղի հարյուրավոր մտավորականներ այսօր բաց նամակով դիմել են երկրի դաշնային քրեակատարողական տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովին, գլխավոր դատախազ Իգոր Կռասնովին, Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովային, որում խնդրում և պահանջում են, որ Նավալնիի համար ապահովվի պատշաճ բուժօգնություն, և որ իշխանությունները չխոչընդոտեն նրա փաստաբանների այցելությունները:

XS
SM
MD
LG