Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են սրընթաց վատթարանալ․ Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետի


Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի (աջից) և ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Համաչեկի համատեղ ասուլիսը, Պրահա, 17-ը ապրիլի, 2021թ․

Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ շարունակում են սրընթաց կերպով վատթարանալ։Հանգստյան օրերին հերթական դիվանագիտական ճգնաժամը ծագեց արդեն Մոսկվայի և Պրահայի միջև։Հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Չեխիայի իշխանությունները հայտարարեցին երկրի տարածքից ռուսաստանցի 18 դիվանագետների արտաքսման մասին։

«Որպես Չեխիայի արտգործնախարար ես որոշել եմ արտաքսել Պրահայում Ռուսաստանի դեսպանության այն բոլոր աշխատակիցներին, որոնց մենք հստակորեն նույնականացրել ենք որպես Գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների», - հայտարարում էր Չեխիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը։

Չեխիայի վարչապետի պնդմամբ՝ այս որոշումը կայացվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից ամիսներ շարունակված հետաքննության արդյունքում։

«Մեր անվտանգության ծառայությունների կողմից իրականացված հետաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները վկայում են՝ հիմնավոր կասկածներ են կան առ այն, որ 2014 թվականին Վրբետիցե ավանում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյուններին առնչություն ունեն Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության կազմում գործող թիվ 29155 զորամասի ծառայողները», - հայտարարում էր Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Չեխիայի մայրաքաղաքից 330 կիլոմետր հարավ գտնվող Վրբետիցե բնակավայրի մերձակայքում տեղակայված զինապահեստներում պայթյունները տեղի էին ունեցել 2014 թվականի հոկտեմբերին և դեկտեմբերին՝ երկու մարդու կյանք խլելով։

Չեխական ոստիկանությունը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնը կիրակի օրը նաև տեղեկացրեցին, որ կարողացել են պարզել պայթյունների ենթադրյալ հեղինակներին։ Իրավապահների պնդմամբ՝ Վրբետիցեում տեղի ունեցած առաջին պայթյունից հաշվված ժամեր առաջ զինապահեստներ էին այցելել Ռուսաստանի ռազմական հետախուզության այն նույն աշխատակիցները, որոնց տարիներ անց բրիտանական հատուկ ծառայությունները կնույնականացնեն որպես Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման հեղինակներ։ Ռուսական հետախուզության «Ռուսլան Բոշիրով» և «Ալեքսանդր Պետրով» անուններով հայտնի այս աշխատակիցները, ըստ իրավապահների, Չեխիայի տարածք են մուտք գործել Մոլդովայի և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր ներկայացնելով։

Հավելենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման թիրախ հանդիսացած զինապահեստներում պահվող սպառազինությունը նախատեսվում էր երրորդ երկիր՝ Ուկրաինա կամ Սիրիա առաքման համար։

XS
SM
MD
LG