Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:
Ըստ հաղորդագրության՝ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:
Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:
Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:
Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։