Մատչելիության հղումներ

Էրդողանը քննադատում է Իտալիայի վարչապետին իրեն բռնապետ անվանելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատում է Իտալիայի վարչապետին՝ իր հասցեին հնչեցրած կոշտ արտահայտությունների, մասնավորաբար՝ «բռնապետ» անվանելու համար։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարեց չորեքշաբթի երեկոյան Անկարայում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Իտալիայի վարչապետի այդ հատարարությունը անպարկեշտության և անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր։ Մի ժամանակահատվածում, երբ մենք հույս ունեինք, որ թուրք-իտալական հարաբերությունները շատ դրական մի հանգրվանի են հասել, Դրագի անունով այդ մարդը տորպեդահարեց մեր երկրների միջև ձևավորված կապերը։ Պետք է նաև հիշեցնեմ այդ մարդուն, որ նա անգամ չի ընտրվել վարչապետի պաշտոնում, այլ նշանակվել է», - հայտարարում էր Էրդողանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին։

Իտալիայի կառավարության ղեկավար Մարիո Դրագին Թուրքիայի նախագահին բռնապետ էր անվանել անցած շաբաթ՝ մեկնաբանելով Եվրամիության ղեկավարների Անկարա այցի ընթացքում ծագած սկանդալը, երբ թուրքական արարողակարգային ծառայության գործողությունների հետևանքով, Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չէր հատկացվել։

XS
SM
MD
LG