Մատչելիության հղումներ

Նախագահը դիմում է Սահմանադրական դատարան, «Իմ քայլը» պաշտպանում է իր առաջարկած փոփոխությունները Դատական օրենսգրքում


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյան, արխիվ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հայաստանի Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների սահմանադրականությունը։

«Նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից», - ասված է նախագահի հայտարարությունում։

Խորհրդարանում երկու ընթերցմամբ ընդունված ու նախագահի հաստատմանն ուղարկված նախագծին դեմ էր արտահայտվել նաև «Լուսավոր Հայաստանը», պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է՝ ինքն էլ է լուրջ խնդիրներ տեսնում է նախագծում. «Սահմանադրության հետ ուղղակիորեն հակասություններ տեսնում եմ, որովհետև դատավորներին երաշխավորված անկախության դեմ է փոխված, և հստակ չէ, թե որ դեպքում ինչ գործիք կարող է օգտագործել թե Բարձրագույն դատական խորհուրդը, թե ընդհանրապես դատավորների անկախության նկատմամբ ինչ լծակների կարելի է օգտագործել այս պարագայում, և սա իրավական անորոշություն է առաջացնում»:

Առաջարկած փոփոխությունները ոչ թե բարելավելու են վիճակը, այլ նոր խնդիրներ են առաջացնելու. պատգամավոր

Ոչ թե մեծացվում է դատավորների անկախությունը, այլ ավելացնում են նրանց նկատմամբ վերահսկողական լծակները, ասում է պատգամավորը։ Օգտակար չեն արդյոք դատավորներին վերահսկելու լծակները, հետաքրվեցինք նրանից։ «Երբ որ լծակներ կան, բայց լծակների տեսակներ ու որակներ կան, Բարձրագույն դատական խորհուրդն ինչ-որ առումով դատարան է դատավորների համար, բայց ինքը չպետք է բովանդակային հարցեր քննարկի, թե կոնկրետ գործը քննելիս դատավորն ինչ եզրահանգման է հասել, որովհետև Սահմանադրությամբ երաշխավորված է դատավորների անկախությունը, իսկ այս նախագծով տրվեց լծակ Բարձրագույն դատական խորհրդին, որ եթե ինքը տեսնում է, որ մի դատավոր լավ չի գործը քննում, այդ գործը վերցնի այդ դատավորից, հանձնի մեկ այլ դատավորի, ով որ իր կարծիքով լավ կքննի», - պատասխանեց պատգամավորը:

«Իմ քայլի» առաջարկած փոփոխությունները ոչ թե բարելավելու են վիճակը, այլ նոր խնդիրներ են առաջացնելու, վստահ է նա։ Սիմոնյանը մեկ այլ օրինակ է բերում. ըստ առաջարկի՝ կարգապահական վարույթ կարող է հարուցվել այն դատավորի նկատմամբ, ում կայացրած որոշումը կբեկանվի Վճռաբեկ դատարանի կողմից. «Նախկինում ոչ միայն տեսականում, այլ նաև գործնական այդպիսի պրակտիկա էր ձևավորվել, որ դատավորներին շատ դեպքերում, առաջին ատյանի դատավորները երբ ստանում էին գործը և տեսնում էին, որ բարդ գործ է, ներքին նշում էին կատարում այդ գործի վրա, ուղարկում էին, Վճռաբեկ դատարանից «դաբրո» էին ստանում վեճի լուծման ուղղության հետ կապված, և իրենք սկսում էին քննել այդ ուղղությամբ: Սա այդ պրակտիկայի վերականգնման հերթական դրսևորումը կարող է լինել»:

Ընդդիմադիր պատգամավորը կսպասի Սահմանադրական դատարանի քայլերին։ Մինչ այդ բարձր դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը հայտնում է, որ նախագահի դիմումը ստացել են, նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ։

Նահագահ Արմեն Սարգսյանի կողմից չստորագրված նախագծի հեղինակներից իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասում է` հանդիպել է նախագահ Սարգսյանին. «Ենթադրում եմ, որ այնքան էլ համոզիչ չենք եղել, թեև ես ներկայացրել եմ հանրապետության նախագահին իրական վիճակը դատական իշխանության ոլորտում, խնդիրները, անհստակությունները, կարգավորման և նոր կարգավորումների անհրաժեշտությունը և այլն»:

Նախագահն իր հերթին էր տեղեկացրել, որ այս թեմայով զրուցել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ, ինչպես նաև ԲԴԽ նախագահի և այլ շահագրգիռ անձանց հետ։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում մի խումբ դատավորներ դեմ էին արտահայտվել այս փոփոխություններին, նշված պատճառների շարքում քաղաքացիներին հնարավորություն տալն էր նշվում` ուղիղ դիմելու Բարձրագույն դատական խորհրդին։

«Դեպքեր են, օրինակ, դատավորը անպատվում է կամ վիրավորում է կողմին, ինչը դիտվում է որպես դատավարական էթիկայի խախտում, և ոչ Արդարադատության նախարարությունը, ոչ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը վարույթ չեն հարուցում: Մոտավորապես 700 դիմումի կարգի էր 2020 թվականին ներկայացվել այս երկու հաստատությանը, բայց կարգապահական վարույթների թիվը շատ ավելի փոքր էր», - ասում է Վարդանյանը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պաշտպանում է իրենց ներկայացրած օրինագիծը, առաջարկվող փոփոխություններով, հիշեցնում է, մեծացնում են ոչ թե կառավարության կամ խորհրդարանի լիազորությունները, այլ Բարձրագույն դատական խորհրդի, որն անկախ սահմանադրական մարմին է։ Բացի այդ, առաջարկում են, որ ԲԴԽ դատավոր անդամներն ազատվեն իրենց դատավոր լինելու պատականությունից ԲԴԽ-ին անդամակցելու տարիներին, ինչից հետո կարող են նորից վերադառնալ դատավորի աշխատանքին։ Սա, ըստ Վարդանյանի, չափազանց կարևոր առաջարկ է. «Եվ քանի դեռ այդ ժամանակահատվածում լիազորությունները կասեցված չեն, շատ դեպքերում շահերի բախում էր առաջանում, որովհետև անձը միաժամանակ հանդիսանում էր և բարձրագույն դատական խորհրդի անդամ, և իրավասու էր կարգապահական վարույթներ հարուցել մյուս դատավորի նկատմամբ, իհարկե Բարձրագույն խորհրդի կազմում, ոչ թե հարուցել, այլ այդ հարցերը լուծել կարգապահական վարույթների, նաև իրականացնում էր արդարադատություն»:

Վարդանյանի խոսքով` Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմից մի քանի դատավոր անդամներ օգտվել են ԲԴԽ անդամ լինելու իրենց կարգավիճակից. «Ըստ էության, ինքնաառաջխաղացման համար օգտագործեցին այդ ինստիտուտով իրենց անդամակցությունը, այսինքն` իրենք քվեարկեցին իրենց իսկ օգտին»:

XS
SM
MD
LG