Մատչելիության հղումներ

Հայաստանում վաղվանից կսկսեն պատվաստել կորոնավիրուսի դեմ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Վաղվանից Երևանում կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, մարզերում գործընթացը կմեկնարկի մեկ օր հետո՝ ապրիլի 14-ից։

Քովիդի դեմ այս պահին կկիրառվի երկու պատվաստանյութ՝ նախ բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած AstraZeneca-ն, օրեր անց էլ՝ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ն։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, Հայաստանում կորոնավիրուսի դեմ նշաձող են սահմանել. մեկ տարվա ընթացքում պատվաստել մինչև 700 հազար քաղաքացու:

«AstraZeneca-ով պատվաստման համար ևս կսահմանենք տարիքային շեմ՝ կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար։ Ես ներկայացնեմ․ առաջին ռիսկի խումբը դա 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են։ Բուժաշխատողներ արդեն իսկ կսահմանենք 55-ից բարձր, խրոնիկ հիվանդներ՝ ևս 55-ից բարձր, և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ ևս 55-ից բարձր։ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման ցուցումներում, քանի որ այդ պահին խմբաքանակը սահմանափակ է, սահմանել ենք հետևյալ խմբերը․ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք, խրոնիկ հիվանդներ՝ ևս մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ մինչև 55 տարեկան», - ներկայացրեց նախարարը։

Հարցին, թե արդյոք քաղաքացին հնարավորություն ունի երկու պատվաստանյութերից ընտրություն կատարելու, նախարարը պատասխանեց՝ այս պահին ոչ՝ ընդգծելով սակայն, որ պատվաստումները լինելու են կամավոր․ - «Եթե Հայաստանում լինեին չորս, հինգ, վեց․․․ բազմաթիվ պատվաստանյութեր, միգուցե կարող է արդարացված լինել ընտրության ճոխությունը։ Բայց այս պահին մենք ունենք նպատակ, ունենք անվտանգ, արդյունավետ պատվաստանյութեր, որոնք պետք է քաղաքացիներին հնարավորինս ճիշտ ձևով մենք մատուցենք, և քաղաքացիները պատվաստվեն և իրենց առողջությունը և կյանքը վտանգի չենթարկեն»։

AstraZeneca-ն մի շարք երկրներում լուրջ քննադատության է ենթարկվել։ Ավելի վաղ եվրոպական որոշ երկրներ միառժամանակ սառեցրել էին այս պատվաստանյութի կիրառումը, քանի որ գրանցվել էին կողմնակի բացասական ազդեցության դեպքեր, օրինակ՝ արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում։

Այս դեպքերից հետո հասարակության մոտ վստահության պակաս չկա՞ արդյոք։ Նախարարի արձագանքը․ - «Մասնագիտական կառույցների կողմից շատ հստակ կերպով մոնիտորինգ է արվում և երկշաբաթյա ընթացքում անընդհատ թարմացվում են ցուցումները։ Եվ մենք էլ աչալուրջ ենք, անընդհատ ակտիվ կերպով հետևում ենք և ըստ զարգացումների նաև փոփոխում ենք մեր քաղաքականությունը»։

Ավելին, նախարարը նշեց, որ շարունակելու են համագործակցությունն ու այդ պատվաստանյութի ներկրումը Հայաստան։ Ասաց նաև, որ այլ պատվաստանյութեր ևս կներկրեն։

Նախորդ շաբաթ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Նախարարության ներկայացուցչի խոսքով, չի բացառվում, որ քովիդով վարակվածներից շատերը ունեն այնպիսի ախտանշաններ, որոնք պայմանավորված են հենց բրիտանական շտամով։

«Շատ ավելի արագ է տարածվում, այսինքն՝ վերարտադրողականությունը 36 տոկոսով ավելի բարձր է, քան նախկին շտամը», - ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Հայաստանում համաճարակային իրավիճակը վերջին մի քանի շաբաթների ընթացքում կայուն լարված է։ Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ հիվանդացության թվի նվազում դեռևս չկա, ավելացել են հոսպիտալացման կարիք ունեցող ծանր դեպքերը, մահճակալային ֆոնդը թեև ավելացվում է, բայց ռեսուրսը սահմանափակ է։

XS
SM
MD
LG