Մատչելիության հղումներ

AstraZeneca-ի օգուտն ավելի մեծ է, քան՝ տեսական վտանգը, հայտարարում է Եվրոպական դեղագործական գործակալությունը


AstraZeneca-ի կիրառումը խիստ հազվադեպ դեպքերում կարող է հանգեցնել անսովոր թրոմբների՝ թրոմբոցիտների քիչ քանակով, այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ կորոնավիորւսի դեմ պաշտպանության հուսալի միջոց, և դրա օգուտն ավելի մեծ է, քան՝ տեսական վտանգը, ժամեր առաջ հայտարարեց Եվրոպական դեղագործական գործակալությունը։

Ամփոփելով ամիսներ շարունակված հետաքննության արդյունքները՝ փորձագետները հավաստիացրին՝ բրիտանաշվեդական պատվաստանյութը առանցքային նշանակություն ունի համավարակի դեմ պայքարում։

«Եվրոպական դեղագործական գործակալության անվտանգության հանձնաժողովը, շատ խորը վերլուծությունից հետո եզրակացրել է, որ թրոմբոզների դեպքերը պետք է դասվեն պատվաստանյութի խիստ հազվադեպ հանդիպող կողմնակի բացասական ազդեցությունների շարքում», - հայտարարեց գործակալության գործադիր տնօրեն Էմեր Քուկը։

Փորձագետները հարցի շուրջ քննություն էին սկսել, երբ միլիոնավոր պատվաստումներից հետո բժիշկները հաղորդել էին, թե մի քանի տասնյակ մարդու մոտ թրոմբոզներ են ի հայտ եկել։ Հիվանդներից 18-ը ի վերջո մահացել էր՝ ստիպելով եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիային, Ֆրանսիային, Նիդեռլանդներին ժամանակավորապես սառեցնել պատվաստանյութի կիրառումը որոշ խմբերի, մասնավորապես, 60 տարեկանից բարձրերի համար։

Եվրոպացի փորձագետները, սակայն, այսօր բոլորովին այլ պատկեր ներկայացրին, պարզվեց, որ հիմնականում բարդություններն ի հայտ են եկել մինչև 60 տարեկան կանանց շրջանում։ Թերևս այդ պատճառով այսօր Մեծ Բրիտանիայի դեղագործական գործակալությունը հայտարարեց, թե մինչև 30 տարեկաններին անհրաժեշտ է այլ պատվաստանյութ առաջարկել։

Եվրամիության վերահսկիչ մարմինը, սակայն, զերծ մնաց տարիքային կամ այլ խմբեր առանձնացնելուց: «Առայժմ չկան տվյալներ, որոնք թույլ կտան պնդել, թե AstraZeneca-ն հակացուցված է այս կամ այն տարիքի, կամ՝ որոշակի հիվանդությունների դեպքում», - հայտարարեցին փորձագետները, ընդգծելով՝ «քովիդից մահացության վտանգն ավելի մեծ է, քան՝ AstraZeneca-ի հնարավոր կողմնակի ազդեցությունների վտանգը»։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրիլի 4-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում և Եվրամիության տարածքում AstraZeneca-ով պատվաստվել է մոտ 34 միլիոն մարդ, թրոմբոզի դեպքեր արձանագրվել են 169-ի, այսինքն՝ յուրաքանչյուր կես միլիոն պատվաստվածներից երեքի մոտ։ Համեմատության համար փորձագետները փաստում են՝ հակաբեղմնավորիչներ ընդունելու դեպքում, օրինակ, այդ վտանգն ավելի մեծ է՝ թրոմբոզներ կարող են առաջանալ 10 հազար կանանցից չորսի մոտ։

«Պատճառները կարող են տարբեր լինել, մենք շարունակում ենք մանրազնին ուսումնասիրությունը», - հայտարարեց եվրոպական վերահսկիչ մարմինը, ընդգծելով, որ շարունակելու է հետազոտությունները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես պատվաստանյութերի անվտանգության հարցը:

XS
SM
MD
LG