Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆամ Մին Չինին՝ Վիետնամի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։
Վստահ եմ, որ վարչապետի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների»։