Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ. Անդրանիկ Քոչարյան


Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է երկու տասնյակից ավելի դիրքի կորուստ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյան. - Եթե ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ինքը արձանագրել է ձեռքբերումներ, և մենք չենք կարողացել օգտագործել, ապա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման առարկան այդ դեպքում ո՞րն էր: Լավ կլիներ Սերժ Սարգսյանը հստակեցներ, թե որ ձեռքբերումներից մենք չենք կարողացել օգտվել: Եթե ինքը հստակ ասեր, թե որ ձեռքբերումներին մենք ուշադրություն դարձնենք, բնականաբար, մենք այսօր կքննարկենք նաև այդ ձեռքբերումների բովանդակային մասը:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ տարածքային կորուստները կազմել են 400 հա, 2016-ին նա ընդունել էր, որ հայկական կողմն 800 հա տարածք է կորցրել, որը, սակայն, ըստ Սարգսյանի, չուներ ռազմավարական ու մարտավարական նշանակություն, Դուք ի՞նչ տեղեկություն ունեք:

Անդրանիկ Քոչարյան. - Այս բանավեճը հիմա մի քիչ ծիծաղելի է թվում, որովհետև 400, 800, և ես կարծում եմ, որ այսօր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը Սամվել Բաբայանն է, որը կարծում եմ, մեկ տարի առաջ հնչեցրեց այլ թիվ՝ 2300 հեկտարի մասին կամ 2600 հեկտարի մասին: Ես չեմ ուզում թվերը քննարկել, լավ կլիներ, Սերժ Սարգսյանը, եթե անդրադառնում է տարածքային կորուստների մասին, խոսեր այլ թվաբանությունից ելնելով, այն է՝ հակառակորդը քանի՞ դիրքերի վրա է իրականացրել հարձակում, քանի՞ դիրքերում ունեցել է հաջողություն և այս պահի դրությամբ քանի՞ դիրք է, հարձակման ենթարկված, գտնվում հակառակորդի տնօրինման տակ: Այդ թվերը եթե ինքը հնչեցներ, շատ ավելի հետաքրքիր կլիներ, ոչ թե հեկտարները, այլ դիրքերը, որովհետև նաև հուլիսյան դեպքերը տավուշյան, շատ փոքր քանակի դիրքերի մասին էր, բայց այդ դիրքերը շատ կարևոր էին: Հիմա Սերժ Սարգսյանը խոսում է 800-ի, թե 400-ի մասին, բայց ես կուզեի, որպեսզի եթե ինքը անդրադառնում է կորուստների մասին, լավ կաներ խոսեր կոնկրետ հակառակորդը՝ նույն «Յաշման» քանի՞ դիրքի վրա է հարձակվել և քանի՞ դիրքայի հաջողություն է ունեցել: Ես ասեմ, որ մեր եզրակացության մեջ բոլոր թվերը ներկայացված կլինեն:

Ոնց որ թե ամեն ինչ արեցին, որպեսզի Յուրի Գրիգորի Խաչատուրովը չգա հանձնաժողով և պատասխանի ամենակարևոր հարցին՝ ի՞նչ բանակցություն և ինչպիսի՞ արդյունքներ ունեցանք, և հակառակորդի տնօրինման տակ գտնվող մեկ տասնյակից ավելի դիրքեր ինչո՞ւ մնացին հակառակորդի մինչև հիմա տնօրինման տակ:

«Ազատություն». - Քանի՞ դիրքի կորստի մասին է խոսքը:

Անդրանիկ Քոչարյան. - Դուք հիմա այդ թիվն ինձանից չեք ստանա: Լավ, այսպես ասեմ՝ երկու տասնյակից ավելի:

«Ազատություն». - Որոնք մինչև այս պահը գտնվում են հակառակորդի տիրապետության տա՞կ:

Անդրանիկ Քոչարյան. - Այո, և դրա մեջ նաև Լելե Թեփեի շատ կարևոր դիրքեր, որը Սերժ Սարգսյանն այդպես էլ կարևորությունը չկարողացավ ընկալի: Բայց ես շատ ուրախ եմ, որ այսօր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը Սամվել Բաբայանն է, որ այդ բոլոր դիրքերի կարևորությունը 5 մատի պես գիտի:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, հանձնաժողովը երբ սկսեց աշխատել, դրա ընթացքում էլ բացահայտումներից էիք խոսում, դրանք կա՞ն և կարո՞ղ եք հնչեցնել, օրինակ, մեկ-երկուսը:

Անդրանիկ Քոչարյան. - Դուք մի հատ հստակեցրեք՝ կոնկրետ ի՞նչ եք հիմա սպասում, ո՞ր բացահայտման մասին է խոսքը:

«Ազատություն». - Աղմկահարույց բացահայտումներ էիք խոստանում:

Անդրանիկ Քոչարյան. - Հիմա ինչ-որ զրուցում ենք, դրա մեջ արդեն հյատրարվեցին որոշ բացահայտումների մասին: Ես ուզում եմ մի բան էլ հիշեցնել՝ հանձնաժողովն իր աշխատանքի դեռ ընթացքում, երբ որ արդեն ուսումնասիրել էր դիրքերում մեր զինվորների փամփուշտ, սնունդ ունենալու խնդիրը և նաև Կարեն Կարապետյանին լսելուց հետո, անդրադարձավ այդ խնդրին մեր հասարակությանը, նաև զոհվածների հարազատներին հուզող այդ թեմային, ու ես ինքս և հանձնաժողովի բազմաթիվ անդամներ նշեցին, որ փամփուշտի և սննդի խնդիր մեր առաջնագծում մարտեր տարած զինվորները չեն ունեցել, բայց դա չի նշանակում, որ մենք սպառազինության խնդիր չենք ունեցել: Այդ սպառազինության բնագավառում մեր բացթողումները նաև որոշիչ են եղել ապրիլյան դեպքերում մեր կարողությունները ամբողջ ծավալով և ճիշտ օգտագործելու համար՝ նաև անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության խնդիրների տեսանկյունից, որի մասին խոսեց նաև այսօրվա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG