Մատչելիության հղումներ

«Վախենում էի` եթե արձագանքեմ, կարող եմ ավելի լուրջ միջադեպ սադրել». Միշելի անդրադարձը` Անկարա այցի սկանդալին


Եվրամիության խորհրդի նախագահը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի աթոռի հետ կապված միջադեպն իրեն հանգիստ չի տալիս, և կցանկանար ինչ-որ կերպ ուղղել իրավիճակը: Այս մասին Շառլ Միշելը հայտարարել է «Հանդելսբլաթ» գերմանալեզու պարբերականի հետ զրույցում։

«Ես վախենում էի, որ եթե ինչ-որ կերպ արձագանքեմ, ապա կարող եմ էլ ավելի լուրջ միջադեպ սադրել»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Միջադեպը տեղի է ունեցել անցած երեքշաբթի օրը․ եվրոպական դաշինքի ղեկավարները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Անկարա էին ժամանել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու։ Եռյակը մտել է բանակցությունների համար նախատեսված սենյակ, որտեղ Եվրամիության և Թուրքիայի դրոշների մոտ տեղադրված էր ընդամենը երկու աթոռ, դրանք շտապել են զբաղեցնել սենյակում գտնվող տղամարդիկ՝ Էրդողանը և Միշելը։ Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աթոռ չունենալու պատճառով մի քանի րոպե շարունակ կանգնած է մնացել, ապա ստիպված է եղել տեղավորվել քիչ հեռու գտնվող բազմոցի վրա։

Տեսանյութում հստակորեն լսվում է տեղի ունեցածից շփոթված դեր Լայենի հարցական բացականչությունը, որին, սակայն, տղամարդ պաշտոնյաները որևէ կերպ չեն արձագանքում։ Միջադեպը սկանդալ է հարուցել Եվրոպայում, քննադատության թիրախում է հայտնվել ոչ միայն Էրդողանը, որին մեղադրում են հերթական սադրանքը կազմակերպելու համար, այլ նաեւ Շառ Միշելը, ով շտապել է տեղ զբաղեցնել Էրդողանի կողքին՝ փաստացի կանգնած թողնելով գործընկերուհուն։

XS
SM
MD
LG