Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատրաստ է օգնելու ԼՂ խնդրի վերջնական կարգավորմանը, եթե Երևանն ու Բաքուն ցանկանան


Վաշինգտոնը պատրաստ է օգնելու Երևանին և Բաքվին վերջնական լուծելու ղարաբաղյան հակամարտությունը, որը Մոսկվան միտումնավոր չի ցանկանում կարգավորել։ Այս մասին նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ ելույթ ունենալով «Թուրքական ժառանգություն» ոչ կառավարական կազմակերպության հրավիրած հեռավար քննարկմանը։

Դիվանագետի համոզմամբ, Ռուսաստանը ձգտում է պահպանել ղարաբաղյան հակամարտությունը, այլ ոչ թե կարգավորել այն։

Ամերիկացի պաշտոնյան ենթադրում է, որ առաջիկայում ադրբեջանական իշխանությունները կսկսեն դժգոհել ռուսաստանյան խաղաղապահներից, որոնք, ինչպես ներկայացվում է, Լեռնային Ղարաբաղում են երկար ժամանակով։

Ջորջ Քենթն այդ համատեքստում մեջբերել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալներից մեկի (առանց անունը նշելու) անցած տարվա նոյեմբերին հնչեցրած միտքը․ - «Այս իրավիճակը նույնն է, որում Վրաստանը գտնվում էր 1998 թվականին։ Հետո Ադրբեջանը կհայտնվի նույն իրավիճակում, որում գտնվում էր Վրաստանը 2008 թվականին, այնուհետև՝ կհայտնվի նույն իրավիճակում, որում այժմ գտնվում է Վրաստանը»։

Ամերիկյան պետքարտուղարի օգնականի տեղակալը շարունակել է․ - «Սա բավականին հոռետեսական, սակայն, հնարավոր է՝ իրատեսական գնահատական է, թե ինչպես է Ռուսաստանը շահարկում հակամարտությունը՝ սեփական շահը ստանալու համար, թույլ չտալով իրականում Հայասանին և Ադրբեջանին կարգավորել խնդիրը և առաջ շարժվել»։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ թեև Լեռնային Ղարաբաղում կրակը դադարել է, ինչը Նահանգները ողջունում է, այդուհանդերձ հակամարտության գոտում, անվտանգության տեսանկյունից, խոշոր մարտահրավերը պահպանվում է։

«Ինչպե՞ս մոտենալ ղարաբաղյան հակամարտությանը, որպեսզի երկու երկրները հնարավարություն ունենան վերջնական համաձայնության հասնել կարգավիճակի շուրջ», - հարց է հնչեցնում Ջորջ Քենթը՝ շարունակելով․ - «Ադրբեջանը կարող է պատերազմի հաղթող ընկալվել, սակայն, դա չի նշանակում, որ խնդիրը կարգավորվել է, այնպես ինչպես Հայաստանի դեպքում էր, որը նույնպես հաղթել էր առաջին պատերազմում քառորդ դար առաջ»։

Քենթն ընդգծել է, որ վերջնական կարգավորման հարցում առանցքային կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, եթե, իհարկե Երևանն ու Բաքուն ցանկանան լիազորել միջնորդներին՝ հասնելու համաձայնության։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի օգնականի տեղակալը միևնույն ժամանակ նկատում է, որ մեկ այլ բաց հարց է Ռուսաստանի մտադրությունը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղում հրադադարի պայմանները Մոսկվան նույնիսկ չէր էլ համաձայնեցրել Մինսկի խմբի հետ՝ նախընտրելով կողմերի հետ պայմանավորվածության հասնել առանց միջնորդների։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Միացյալ Նահանգներին, ըստ ամերիկացի դիվանագետի, Վաշինգտոնում պատրաստ են օգնելու Ադրբեջանին և Հայաստանին՝ հակամարտության կարգավորման հարցում, եթե կողմերը շահագրգռված են դրանում։

Հարավային Կովկասում ակտիվանալու մեծ հնարավորություն է ստեղծվել ԱՄՆ-ի համար

Իսկ ինչպե՞ս պետք է Ջո Բայդենի վարչակազմը օգնի Բաքվին և Երևանին։ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ջո Բայդենի նախընտրական թիմի նախկին անդամ Ռոբերտ Սեկուտան միանշանակ պատասխան չունի, բայց մեկ հարցում ավելի քան համոզված է՝ Հարավային Կովկասում ակտիվանալու մեծ հնարավորություն է ստեղծվել Միացյալ Նահանգների համար։

Դիվանագետը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց՝ ոչ խաղաղություն, և ամերիկյան իշխանությունների գլխավոր անելիքներից մեկը պետք է լինի՝ օգնել հակամարտող կողմերին՝ հասնելու երկարատև խաղաղության։

Ամերիկացի նախկին դեսպանը նկատում է, որ Հայաստանը ինտեգրված չէ տարածաշրջանում, Վաշինգտոնը պետք է նպաստի այդ բացը լրացնելու հարցում, նաև ջանքեր գործադրի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև երկխոսության ծավալման հարցում՝ նկատելով, որ Ռուսաստանի նախաձեռնած տարածաշրջանային տնտեսական ծրագրերը բավարար չեն երկարատև և վերջնական խաղաղության հասնելու համար։

«Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դերակատարությունը պետք չէ թերագնահատել»

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դերակատարությունը պետք չէ թերագնահատել, վերջերս հնչեցրած իր միտքը երեկվա քննարկմանը կրկնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

Ամերիկացի փորձառու դիվանագետի համոզմամբ, Մոսկվան երբեք չի անի որևէ քայլ, ինչպես հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունները, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար՝ «իր ազդեցության գոտին պահպանելու համար»։

Ինչ վերաբերում է խնդրի լուծման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, Ռիչարդ Հոգլանդի խոսքով, միջնորդները արդյունավետ էին աշխատում հակամարտող կողմերի միջև երկխոսությունը պահպանելու հարցում, բայց ոչ ավելին։

«Եթե Մինսկի խումբը ներկայացներ նույնիսկ ամենանոր և խելացի գաղափարը, միևնույն է, այն կյանքի չէր կոչվի»,- խոստովանել է ամերիկացի նախկին համանախագահը՝ ակնարկելով, որ որոշողը Ռուսաստանն էր։

Ըստ դիվանագետի՝ միջնորդական խումբն այս փուլում կարող է օգտակար լինել տարածաշրջանային նախագծերի իրականացման հարցերում՝ կառույցը կարող է օգնել համակարգել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորումը, մշակել պլան և ֆինանսավորում գտնել Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում զարգացում ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG