Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, ըստ Պետդեպի պաշտոնյայի, պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ կարգավորելու հակամարտությունը


ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթ, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված լինեն դրանով, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը առցանց սեմինարի ընթացքում:

«Այնքանով, որքանով Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորմանն ու գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններն օգտագործելուն, Միացյալ Նահանգները պատրաստ և հավատարիմ է մնում երկու երկրներին օգնելու ճանապարհ գտնելուն», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

«Ռուսաստանի մտադրությունը մեկ այլ բաց հարց է մնում», - նշել է Քենթը` մանրամասնելով, որ Ռուսաստանը «որոշեց չհամաձայնեցնել հրադադարի պայմանները Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով», այլ «դա ուղղակիորեն ապահովեց եռակողմ ձևաչափով»:

Ամերիկացի դիվանագետի տեսակետից ՝ «անվտանգության հիմնական մարտահրավերը մնում է այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը այնպես, որ երկու երկրները հնարավորություն տան համաձայնության գալու վերջնական կարգավիճակի վերաբերյալ: Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած, «այնուամենայնիվ, դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը՝ ճիշտ այնպես, ինչպես երբ Հայաստանն էր հաղթել առաջին պատերազմում քառորդ դար առաջ», - ընդգծել է Քենթը:

Միաժամանակ, նրա խոսքով, «բարենպաստ հնարավորություններ են բացվում», այդ թվում` ապագայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացման հարցում: Սա՝ «գուցե ոչ այս ամիս և ոչ այս տարի», բայց՝ հեռավոր ապագայում, հավելել է ամերիկացի դիվանագետը:

Ջորջ Քենթն այս մասին խոսել է Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված առցանց սեմինարի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG