Մատչելիության հղումներ

AstraZeneca-ի կողմնակի ազդեցությունների պատճառահետևանքային կապն ապացուցված չէ․ Առողջապահության նախարար


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանում մեկ օրում քովիդի դեպքերն ավելացել են 1097-ով, կատարված 6217 թեստավորումների շուրջ 18 տոկոսը դրական է եղել։ 28 մարդ մահացել է, նրանցից 8-ն ունեցել են կորոնավիորւսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։ 617 մարդ էլ առողջացել է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 300 մահճակալ կավելացնեն․ - «Մահճակալները անվերջ չեն, և ներկայումս հիմնականում այն պացիենտները, ովքեր որ կարիք ունեն հոսպիտալացման, կարիք ունեն թթվածնի և հոսպիտալացվում են միայն հիվանդանոցային պայմաններում»։

Նախարարի խոսքով, թոքերի արհեստական շնչառության սարքերի քանակն այս պահի դրությամբ բավարար է։ Մեկ տարվա ընթացքում, ասաց, Հայաստանը լրացուցիչ 15 կայան ու սարքավորումներ է գնել, այսինքն մոտ 3 հազար մահճակալ ապահովված է թթվածնային սարքով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանը երեկ մինչև հրաժարական ներկայացնելն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։

Առողջապահության նախարարությունը ևս սպասում է դրանց վերջնական արդյունքին․ - «Եթե հավաստվի դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը, կօգտագործվեն։ Ես չեմ կարող ասել ինչքան կտևի սերտիֆիկացման գործընթացը, բայց մեր բժիշկներն էլ համատեղ իրենց հետ աշխատում են»։

Հայաստան ներմուծված AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափերը արդեն երկուշաբթի կհասնեն երևանյան և մարզային պոլիկլինիկաներ։ Մինչև պատվաստումների մեկնարկը պոլիկլիլնիկաների բժիշկները վերապատրաստվում են։ Նախարարի խոսքով, ստուգվում են առաջին օգնության բժշկական պայուսակների պարունակությունը, կատարվում համալրումներ և այլն։

Լրագրողների դիտարկմանը, որ շատ երկրներ սառեցրել են AstraZeneca-ի կիրառումը դրա կողմնակի ազդեցության պատճառով, նախարարն արձագանքեց, թե պատվաստանյութով պայմանավորված կողմնակի ազդեցությունների պատճառահետևանքային կապն ապացուցված չէ․ - «AstraZeneca-ն և բոլոր այն պատվաստանյութերը, որոնք միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացություն, որ ունեն արդյունավետություն, անվտանգություն, բավարարում են բոլոր սահմանված չափանիշներին, մենք դրանք կիրառելու ենք։ Մի շարք երկրներ հրաժարվել են որոշակի խմբաքանակի օգտագործումից ժամանակավորապես, մի շարք երկրներ նորից են սկսել, մի շարք երկրներ էլ ընդհանրապես չեն հրաժարվել։ Եզրակացությունը էնպիսին է, որ պատճառահետևանքային կապը եղած կողմնակի ազդեցությունների և պատվաստման միջև ապացուցված չէ»։

Մինչ Հայաստանում համաճարակային իրավիճակը չի մեղմվում և զանգվածային պատվաստումներն էլ դեռ չեն սկսվել, գնալով աճում են քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցների թիվը։ Այս պահին դրանք 21-ն են, որոնցից 10-ը՝ մարզերում։ Հոսպիտալացված 2250 քաղաքացիներից 955-ի վիճակը ծանր է, 206-ինը՝ ծայրահեղ ծանր։ 72 մարդ շնչում է թոքերի արհեստական օդափոխման սարքի օգնությամբ։ Վերակենդանացման բաժանմունքների 326 մահճակալներից այս պահին ազատ է ընդամենը 6-ը։

Տեսչական մարմինները, թեև, ըստ իրենց հայտարարությունների, սկսել են խստացված ստուգումները, բայց առայժմ սահմանափակվում են նախազգուշացումներով և զգուշացումներով։

XS
SM
MD
LG