Մատչելիության հղումներ

Առաջիկայում ՀՀ կներկրվի AstraZeneca-ի ու Sputnik V-ի նոր խմբաքանակ


Հայաստանում համաճարակային վիճակը շարունակվում է լարված մնալ։ Մեկ օրում արձանագրվել է 1192 նոր դեպք, 856 մարդ առողջացել է։ Վերջին շաբաթների համեմատ, երեկ արձանագրվել է մահացության ամենամեծ թիվը՝ 37 մարդ է մահացել, նրանցից 14-ը թեև վարակված են եղել կորոնավիրուսով, այդուհանդերձ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Ապրիլի 2-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի բրիտանական տարբերակի 10 դեպք։ Այս տվյալները Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն է փոխանցվել ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից։

Գիտական ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասում է՝ պատահական սկզբունքով ընտրված 12 նմուշից 10-ում են բրիտանական շտամ հայտնաբերել։ Քովիդի այս տեսակն արդեն աշխարհի շատ երկրներում է տարածված:

«Ներկայումս բրիտանական շտամը դառնում է ամենատարածվածը ամբողջ աշխարհում, այս պահին ամենատարածվածն է Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայում: Այդ շտամի նման շտամեր նորից ի հայտ են գալիս՝ նույն հարավաֆրիկյան շտամը, բրազիլական շտամը, կալիֆորնիական նոր շտամ է ի հայտ եկել: Այսինքն սա կարելի է ասել նորմալ վիրուսային էվոլյուցիայի ընթացք է», - նշեց Առաքելյանը:

Բրիտանական շտամով վիրուսի վտանգավորության մասին, ըստ գիտնականի, դեռ վաղ է խոսել, ստացված տվյալները խիստ նախնական են. «Վտանգավորության մասին մենք պետք է հիմնվենք համաշխարհային փորձի վրա, քանի դեռ շտամն ի հայտ էր եկել շատ ավել շուտ ու արդեն շատ ավելի տարածված է ուրիշ երկրներում: Ըստ նախնական տվյալների՝ շտամն ավելի վարակիչ է, իսկ հիվանդացության ծանրության վերաբերյալ հակասական տվյալներ կան»:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաև քննարկումներին, որ բրիտանական շտամով վարակվածների մոտ քիչ հակամարմիններ են առաջանում, այսինքն՝ օրգանիզմում իմունիտետ չի ձևավորվում կամ էլ շատ թույլ է։

«Կան բրիտանական շտամի ենթատեսակներ, որում եթե կա մուտացիա որոշակի, ապա այդ դեպքում այդ հնարավորությունը կա: Բայց հիմնականում բրիտանական շտամում այդ մուտացիաները բացակայում են, ու մեր 10 նմուշում, որ մենք իդենտիֆիկացրեցինք, այդ մուտացիան նույնպես չկար», - ասաց Արսեն Առաքելյանը:

Հայաստանը կորոնավիրուսի դեմ առաջինը ներկրել է AstraZeneca տեսակի պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Դրանք առաջիկայում կլինեն երևանյան և մարզային պոլիկլինիկաներում, մինչև այդ նախարարությունը վերապատրաստում է բուժաշխատողներին։ Նախատեսվում է, որ ռիսկի խմբի քաղաքացիների պատվաստումը կսկսվի ապրիլի 7-8-ը՝ Երևանում, հետո նոր մարզերում։

Արդյոք այս պատվաստանյութը մարդկանց կպաշտպանի՞ նաև վիրուսի նոր՝ բրիտանական շտամից, հետաքրքրվեցինք ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանից: «Բոլոր պատվաստանյութերը անկախ նրանից դա մուտացված է, փոփոխված է, թե ոչ, բոլորը դեռևս իրենց արդյունավետությունը 100 տոկոսով պահպանում են: Այսինքն նույնիսկ այդ փոփոխված շտամերի դեպքում նրանք իրենց առաքելությունը կատարում են՝ և՛ ծանր դեպքեր են կանխում, և՛ բարդությունները, ընդհուպ մինչև մահվան ելքերը», - պատասխանեց նա:

Սահակյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստան կներկրվի AstraZeneca պատվաստանյութի նոր խմբաքանակ, թե քանի՞ դեղաչափով ու քանի՞ մարդու համար, առայժմ պարզ չէ։

Աշխարհում կիրառման ծավալներով առաջին տեղը զբաղեցնող AstraZeneca-ին հաջորդում է Pfizer-ը։ Ինչո՞ւ Հայաստանը չի ընտրել նաև այս տեսակի պատվաստանյութը։ Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ չէր ավելի ցածր ջերմաստիճանի պահման պայմաններ պահանջող պատվաստանյութի ներկրմանը, քանի որ առնվազն հարկավոր էր սառնարանային տնտեսություններ ծավալել, իսկ դրա ժամանակը չկա, վիրուսն արագ է տարածվում. «Այդ իսկ պատճառով, մենք Pfizer-BioNTech-ից հրաժարվեցինք, բայց AstraZeneca-ն հաջորդ պատվաստանյութն էր, որ Covax-ը կարողացավ պայմանագրային ձեռքբերում ունենալ, քանի որ ինքը ստանդարտ պահպանման ջերմաստիճանային ռեժիմ է պահանջում և դեղաչափերի առումով ներմուծման որոշակի խնդիրներ չի առաջացնում և մյուս կողմից էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլտվություն ունի արտակարգ իրավիճակներում կիրառման, ոչ մի պահանջ չկար, որ երկիրը դա չընդուներ»:

Պատվաստումների համար Հայաստանը դիտարկում է նաև ռուսական «Սպուտնիկ V»-ի տարբերակը. Ռուսաստանից նվիրատվություն ստացած առաջին՝ 2060 խմբաքանակից հետո, Առողջապահության նախարարությունը շարունակում է բանակցությունները «Սպուտնիկ V»-ի ևս 15 հազար դեղաչափի համար, որը նախատեսված է թիրախային խմբի 7500 անձի համար։

XS
SM
MD
LG