Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է վարչապետի փաստաբանի՝ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը չեղարկելու միջնորդությունը


Օնիկ Գասպարյանի գործով դատավարություն, 2-ը ապրիլի, 2021թ.

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով վարչապետի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանի միջնորդությունը:

Վերջինս դատավոր Մհեր Պետրոսյանից պահանջել էր վերացնել դատարանի նախորդ որոշումը, որի համաձայն, Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում, մինչ գործով վերջնական որոշումը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք․ - «Պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը։ Իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն՝ հայցի ապահովումը վերացնելու համար։ Հետևաբար դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին պատասխանող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման»։

Շաբաթավերջին կայացված դատական նիստի ընթացքում վարչապետի փաստաբանը հիմնավորել էր, թե սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի վերանայման հնարավորություն: Տաթևիկ Սարուխանյանը նշել էր, որ այդ ակտերի նպատակն է բացառել սահմանադրական անվտանգությանը սպառնացող վտանգները և անմիջապես առաջացնել հետևանքներ, հանգուցալուծել սահմանադրական մարմնի կողմից ցուցաբերվող անգործությունը։

Մինչդեռ վարչապետի ներկայացուցչի ներկայացրած փաստարկները, դատարանը համարում է նախորդ որոշման իրավաչափության վերաբերյալ դատողություններ։ Միևնույն ժամանակ արձանագրում՝ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Վարչապետի ներկայացուցիչը նաև նախորդ դատական նիստին նշել էր, թե կայացված որոշմամբ խախտվել է վարչական դատարանի նշած անձնական և հանրային շահերի հավասարակշռությունը, որի հետևանքով հանրային շահը ստորադասվել է ենթադրյալ անձնական շահին, դատարանը նաև այս պնդմանն է անդրադարձել։

«Հնարային շահերի և մասնավոր շահերի համաչափության հարցով էլ դատարանն ասաց, որ այստեղ որևէ համաչափության խնդիր չկա և չի խախտվել համաչափությունը, իսկ միջնորդությամբ մատնանշված վճռաբեկ դատարանի որոշումները վերաբերելի չեն սույն գործի համար, տարբեր փաստական հանգամանքներ կան: Ըստ էության ուժի մեջ թողեց այն, ինչ ասել էր նախկինում առ այն, որ բացակայում է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերությունը: Այսինքն՝ Օնիկ Գասպարյանը, ըստ դատական ակտի, շարունակում է լինել որպես Գլխավոր շտաբի պետ», - ասաց Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը:

Կառավարությունից վարչական դատարանի որոշմանը գրավոր են արձագանքել. «Նշված դատական ակտը վերաբերում էր միայն հայցի ապահովումը վերացնելու միջնորդությանը, իսկ վերջնական դատական ակտը դեռևս կայացված չէ, գործը ընթացքում է»։

Դատարանը մեկ այլ որոշմամբ էլ մերժել է Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչների միջորդությունը։ Հայցվոր կողմը պահանջել էր Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնավորումը ժամանակավորապես դադարեցնել։

«Ասաց՝ «հայցի հիմքի առարկայի լրացում կարող եք անել նախնական դատական նիստում, այսինքն՝ ես մինչև նիստ չնշանակեմ, չգաք նիստում չներկայացնեք այս լրացումները, ես դրա վարույթի ընդունելու հարցը չեմ քննարկի, իսկ քանի դեռ հայցի լրացումը ես չեմ թույլատրել, դրանից փոխկապակցված հայցի ապահովման միջոց կիրառելը ես չեմ կարող բավարարել», - ներկայացրեց Հովհաննիսյանը:

Գասպարյանը հեռացվեց իր և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո:

XS
SM
MD
LG