Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը Եվրախորհրդարանի պատգամավորին է ներկայացրել պատերազմի վնասները


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը երեկ ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին։ Նրանց ուղեկցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի՝ հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը:

Անդրադառնալով այցի նպատակներին՝ Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է՝ այստեղ է ծանոթանալու հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրանց է ներկայացրել արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնել, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար։

XS
SM
MD
LG