Մատչելիության հղումներ

«Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման». Գարեգին Բ Կաթողիկոս


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագին պատգամ է հղել, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը։ Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը», - ասել է նա իր պատգամում։

Որպես այս իրավիճակի հաղթահարման ուղի Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնական հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով։ Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները։

Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG