Մատչելիության հղումներ

Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 29-ը մարտի, 2021թ.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 29-ը մարտի, 2021թ.

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա, ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 հազար 741 դեպք, որից 172 հազար 96-ը՝ առողջացած, 3 հազար 476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 հազար 287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842 հազար 817 թեստավորում:

Նախարարը ընդգծել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է:

Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ:

Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG