Մատչելիության հղումներ

Չդադարող գնաճը ստիպում է քաղաքացիներին վերանայել առօրյա գնումների ցանկը


Օրեցօր ահագնացող գնաճը ստիպել է տիկին Սիլվային վերանայել գնումների ցանկը։ Կարագը ձեթով է փոխարինել, մակարոնը՝ շատացրել։ Այս օրերին նա հրաժարվել է գրեթե կրկնակի թանկացած ձվից։

«Մակարանոնն ենք շատացրել, կարագի փոխարեն ձեթ ենք ուտում արդեն։ Ամեն ինչ շատ է թանկացել։ Մեր թոշակը չի բավարարում՝ առօրյա մանր-մունր ինչ-որ բան 12 հազար դրամ ա նստել », - «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Սիլվան։

Թոշակը չի բարձրացել, բայց գնաճը՝ որքան ասես։ 60 հազար դրամով պաշտոնյաները քանի՞ օր կապրեն, հարցնում է տիկին Սիլվան․ - «Սենց չի լինի շարունակել, չի լինի»։

«Ազատության» մեկ այլ զրուցակից ևս դժգոհեց․ - «Ձեթը հասել ա հազարից ավել, որ առնում էինք 500, 700 դրամ, ձու չկա, կանաչին, որ գետնի տակից ա դուրս գալիս 200 դրամից պակաս չկա, էլ ինչ ասեմ, կարագը թանկ, չենք կարողանում օգտվենլ»։

Պաշտոնական ցուցանիշներն էլ լավատեսական չեն։ Հունվար-փետրվարին անցած տարվա նույն ամիսների համեմատությամբ գնաճն ավելացել է 4,9 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության ապրանքները երկնիշ ցուցանիշով են թանկացել։

Գնաճը կանգ չի առնելու․ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ այն տարվա ընթացքում կարող է հասնել մինչև 8 տոկոսի։

«Անցած տարի մենք ունեցել ենք 1,4 տոկոս գնաճ ընդամենը։ Այս տարի գնաճը հունվար-փետրվար ամիսներին արդեն իսկ կազմում է 4,9 տոկոս, այն դեպքում, երբ որ մարդկանց եկամուտները, մասնավորապես, միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 0,8 տոկոս», - ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ Կենտրոնական բանկի՝ գնաճի արագացումը հիմնականում միջազգային ապրանքահումքային ու բեռնափոխադրումների շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումների ու դրամի որոշակի արժեզրկման հետևանքով են։

Տնտեսագետի խոսքով՝ արտաքին ազդեցություններից բացի ստեղծված իրավիճակը նաև կառավարության անարդյունավետ աշխատանքի հետանքով է։

«Տարածաշրջանի երկրներում տնտեսական անկումը 2020 թվականի ընթացքում կազմել է 4-5 տոկոս, իսկ Հայաստանի դեպքում 7,6 տոկոս, այսինքն՝ մոտ կրկնակի ավել, սա խոսում է, որ բացի կորոնավիրուսի բացասական ազդեցությունից, կա հստակ կառավարման անարդյունավետություն, կամ՝ ձախողում։ 2020 թվականի հուլիսի 19-ից բարձրացավ գազի գինը մոտ 6 տոկոսով տնտեսվարողների համար, իսկ այս տարվա փետրվարի 1-ից բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը բիզնեսի համար՝ 8 տոկոսով։ Այս բարձրացումներն ազդում են բիզնեսի վրա», - նշեց տնտեսագետը։

Երկրում տնտեսությունը կայունացնելու պաշտոնական լավատեսական սցենարները իրատեսական չեն, գնաճն ու տնտեսական անկումը զսպող այլ քայլեր պետք է անի կառավարությունը, ասում է տնտեսագետը։

«Այն լավատեսական սցենարները, որ հնարավոր է ի հաշիվ շինարարության և գյուղատնտեսության ապահովել որոշակի կայունություն, կարծում եմ, իրատեսական չէ՝ հաշվի առնելով դրանց մասնաբաժինը մեր ընդհանուր ՀՆԱ-ի մեջ, կամ տնտեսության մեջ։ կառավարությունը պետք է բանակցի ռուսական կողմի հետ՝ բնական գազն ավելի էժան ստանալու ուղղությամբ», - ասաց Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ համաճարակին ու պատերազմի ծանր հետևանքերին գումարվել է քաղաքական անկայունությունը, հաճախակի ընտրական գործընթացները վանում են ներդրողներին։ Նրա համոզմամբ՝ սոցիալական խնդիրներն ավելի են խորանալու, հետևաբար նաև արտագաղթը։

«Մենք ունենալու ենք աղքատացում, բնականաբար այս ամենը նպաստելու է, կամ հանգեցնելու է մեծ արտագաղթի», - ասաց տնտեսագետը։

XS
SM
MD
LG