Մատչելիության հղումներ

Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են, փաստում է Վիճկոմը


Երևանյան սուպերմարկետ, արխիվ

Այս հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են՝ փաստում է Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած զեկույցը։

«Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում. 2021թ. հունվար» զեկույցի համաձայն, այս տարվա հունվարին՝ 2020-ի հունվարի համեմատ, օրինակ, արևածաղկի բուսական յուղի միջին գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով: Ընդհանուր առմամբ, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021-ի հունվարին՝ 2020-ի հունվարի համեմատ, արձանագրվել է 7.7 տոկոս գնաճ:

Մրգի ապրանքախմբում արձանագրվել է գների բարձրացում 12 տոկոսով, իսկ բանջարեղենի ապրանքախմբում՝ 9.9 տոկոսով: Ըստ զեկույցի, նույն ժամանակահատվածում մրգի ու բանջարեղենի առանձին տեսակների սպառողական գներն է՛լ ավելի շատ են բարձրացել, օրինակ՝ սխտորի գինը աճել է 95.4 տոկոսով, սմբուկինը՝ 66.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 53.5 տոկոսով։

Նկատելիորն աճել են հացի և ալյուրի գները. 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, համապատասխանաբար 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում նույն ժամանակահատվածում գրանցվել է 10.8 տոկոս գնաճ։ Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը այս տարվա հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, կազմել է 12.9 տոկոս:

Մսամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում։

Ընդհանուր առմամբ, սննդամթերք, խմիչք և ծխախոտ հատվածում այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, գները աճել են 6.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.5 տոկոսով։

Ոչ պարենային ապրանքներից բենզինի ու դիզելային վառելիքի գները 2021-ի հունվարին՝ 2020-ի հունվարի համեմատ, համապատասխանաբար, անկում են ապրել 9.5 տոկոսով և 20.2 տոկոսով։

Արտարժույթի շուկայում նույնպես կան էական փոփոխություններ. 2021 թվականի հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8 տոկոսով բարձր է 2020-ի հունվարի համապատասխան ցուցանիշից՝ 479.2 դրամ։


XS
SM
MD
LG