Մատչելիության հղումներ

Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանների բացման հնարավորությունը


Վրաստան - Դատարկ ռեստորան Կախեթիում, փետրվար, 2021թ․

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Փետրվարից երկիրը սկսել է աստիճանաբար բացել օդային սահմանները մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայության պայմանով։ Վրաստան կարող է մուտք գործել նաև COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական չափաբաժինը ստացած ցանկացած այլ երկրի քաղաքացի։

Անցած տարվա մարտին փակված երկրի ցամաքային սահմանների բացումը, նախարար Թուրնավայի համոզմամբ, կարևոր է հատկապես ֆինանսական շուկայի համար։

Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության գերակա ճյուղն է, որը սահմանների փակումից ի վեր ահռելի տնտեսական կորուստներ է կրել։ Այս ոլորտում երկրի եկամուտը նախորդ տարվա ընթացքում նվազել է 83 տոկոսով՝ 2019-ին գրանցված 3,3 միլիարդ ամերիկյան դոլարի փոխարեն կազմելով շուրջ կես միլիոն դոլար։

Համեմատության համար նշենք, որ 2019-ին Վրաստան է այցելել ավելի քան 9 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, իսկ 2020-ին ՝ մեկուկես միլիոնից քիչ ավելի։ Հատկապես զբոսաշրջության ոլորտի կորուստները մեծ հարված են հասցրել տնտեսությանը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է ազգային տարադրամի՝ լարիի փոխարժեքի անկման։

«Լարիի փոխարժեքի հետագա տատանումները կարող է ապահովագրել միայն տնտեսության արագ վերականգնումը։ Տեղյակ եք, որ մենք արդեն գրեթե վերացրել ենք հիմնական սահմանափակումները զբոսաշրջության ոլորտը վերականգնելու համար։ Մեկնարկել է պատվաստումը, որը կկանխի երրորդ ալիքը։ Այժմ քննարկում ենք , թե ինչպիսի պայմաններով կարող ենք բացել ցամաքային սահմանները», - նշել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։

Համավարակի համաշխարհային տարածման սկզբում տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրը Վրաստանն էր։ Աննախադեպ կոշտ սահմանափակումների շնորհիվ ամիսներ շարունակ երկրում կորոնավիրուսի վարակման օրական դեպքերը հատուկենտ էին։ Իրավիճակը կտրուկ վատթարացավ աշնանը, այժմ երկիրը վարակակիրների ամենաբարձր ցուցանիշն ունի Հարավային Կովկասում։ Շուրջ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում վարակվել է ավելի քան 280 հազար մարդ, մահացել ՝ 3 հազար 765-ը։

Երկրում պատվաստման գործընթացը մեկնարկել է երկու շաբաթ առաջ, սակայն COVID-19-ի դեմ պատվաստված բուժքրոջ մահից հետո Վրաստանում գործընթացի ձախողման միտում կա․ երկու շաբաթվա ընթացքում պատվաստվել է ընդամենը 5 հազար մարդ։

XS
SM
MD
LG