Մատչելիության հղումներ

Վրաստանը բացեց օդային սահմանը հայաստանցիների համար


Վրաստան - Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, արխիվ

Երեկվանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վերացվել է Վրաստան օդային ճանապարհով մուտքի արգելքը։ Սահմանն անարգել հատել կարող են այն քաղաքացիները, ովքեր ժամանումից ոչ ուշ քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կներկայացնեն անցակետում։

Մարտի 1-ից ուժի մեջ մտած նոր ճամփորդական կարգավորումներով Վրաստան օդային տարածքով մուտքի արգելքը չեղարկվել է նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների ու բնակիչների համար։

Ավելի վաղ երկիրն օդային սահմանը բացել էր Միացյալ Նահանգների, Եվրամիության անդամ երկրների, Մեծ Բրիտանիայի և եվրոպական ու ասիական մի շարք այլ երկրների համար։ Փետրվարի 1-ից Վրաստան կարող է մուտք գործել նաև Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական չափաքանակն ստացած ցանկացած այլ երկրի քաղաքացի։

Երկրի ցամաքային և ծովային սահմանները դեռևս շարունակում են փակ մնալ։

Ըստ նոր կարգավորումների, որոնք վերաբերում են նաև հայաստանցիներին, Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներն անցակետում պարտավոր կլինեն ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստի բացասական պատասխան՝ ստացված ժամանմանը նախորդած 72 ժամվա ընթացքում։ Իսկ արդեն ժամանման երրորդ օրը քաղաքացին պարտավոր է ևս մեկ թեստ հանձնել՝ սեփական միջոցներով։

Մինչև երկիր մուտք գործելն անհրաժեշտ է լրացնել առցանց ձևաթուղթը, որը կներկայացնի նախորդ երկու շաբաթում ուղևորի ճամփորդական պատմությունը։ Այս ձևաթուղթը հասանելի է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում։

Փետրվարի 1-ից Վրաստանը հանել է նաև միջագային կանոնավոր ավիաուղևորափոխադրումների արգելքը։ Երևանը Թբիլիսիին կապող կանոնավոր չվերթներն այժմ շաբաթական երկուսն են։ Մարտի ընթացքում մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 110-150 հազար դրամ է կազմում։

Հարևան երկրում Covid-19 համավարակի առաջին դեպքը գրանցվեց մեկ տարի առաջ փետրվարի վերջին։ Հայ-վրացական սահմանը փակվեց մարտի կեսերին։

Վրաստանը, որի տնտեսության համար տուրիզմը գերակա ճյուղ է, սահմանների փակումից ի վեր ահռելի տնտեսական կորուստներ է կրել։ Այս ոլորտում երկրի եկամուտը նախորդ տարվա ընթացքում նվազել է 83 տոկոսով՝ 2019-ին գրանցված 3,2 միլիարդ ամերիկյան դոլարի փոխարեն կազմելով 542 միլիոն ամերիկյան դոլար։

Համավարակի համաշխարհային տարածման սկզբում տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրը համարվող Վրաստանում իրավիճակը կտրուկ վատթարացավ աշնանը։ Այժմ երկիրը վարակակիրների ամենաբարձր ցուցանիշն ունի Հարավային Կովկասում։ Մեկ տարվա ընթացքում այստեղ վարակի 271 հազար դեպք է հայտնաբերվել, մահացել է 3 հազար 500-ից ավելի մարդ։

Վարակի տարածման նվազումն սկսեց նկատվել այս տարվա փետրվարին։ Նախորդ շաբաթվա ընթացքում, Վրաստանի առողջապահական գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն, օրական միջինը վարակի մոտ 340 դեպք է գրանցվել երկրում։

XS
SM
MD
LG