Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենն ուղարկել է Գլխավոր դատախազություն, հայտնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Քննարկմանը հրավիրվել և լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանը:
Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար», - ասված է տարածած հաղորդագրությունում:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել է, որ Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։
«Երեկ երեկոյան ժամը 20։00-ի կողմերը Մհեր Պետրոսյանը նամակ է գրել, որ ինքը անհանգստացած է, որ կարող է իր նկատմամբ ճնշում գործադրվի, կոնկրետ ճնշման մասին խոսք չկա, որ անհանգստություն ունի դրա վերաբերյալ։ Երեկ ժամը 8-ին ԲԴԽ-ն իր ամբողջ կազմով հավաքվեց և հրավիրեց Մհեր Պետրոսյանին, քննարկել են Մհեր Պետրոսյանի գրությունը, բանավոր իր հետ քննարկել ենք բոլոր իրեն հետաքրքրող և Բարձրագույն դատական խորհրդին հուզող հարցադրումները, և այսօր օրենքով սահմանված կարգով իր գրությանը պատասխան է տրվել», - ասաց Վարդազարյանը։
Իր անհանգստությունը ԲԴԽ-ին ներկայացրած վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը անցած շաբաթ քննելով Օնիկ Գասպարյանի դիմումն ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի՝ միջանկյալ որոշում էր կայացրել, որից, ըստ էության բխում էր, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ վարչապետի հրաժարականը պահանջած Գասպարյանն է: