Մատչելիության հղումներ

Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ


Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը:

Ջումա Ինադ Սաադունի Խատաբի խոսքով՝ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:

Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին:

XS
SM
MD
LG