Մատչելիության հղումներ

Մակրոնի համոզմամբ` Թուրքիան փորձելու է միջամտել Ֆրանսիայում կայանալիք ընտրություններին


Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն էին։

Երկուշաբթի երեկոյան ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջութամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանյուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին։

«Մեր հաջորդ ընտրություններին միջամտելու փորձեր են լինելու։ Փորձ է կատարվում ազդել հանրային կարծիքի վրա», - պնդում էր Մակրոնը՝ France 5-ի լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը Թուրքիայի մասին է, դրական պատասխան տալով։

«Դա հստակորեն գրված է, և այդ սպառնալիքները այնքան էլ քողարկված չեն», - հավելում էր Մակրոնը։

Պաշտոնական Անկարայի պատասխանը գրեթե նույնքան կոշտ էր։ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը երեքշաբթի երեկոյան Անկարայում տարածած գրավոր հայտարարության մեջ դատապարտեց Մակրոնի այս հայտարարությունները՝ պնդելով, թե դրանք հակասում են պետությունների միջև ձևավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։

«Մենք կարծում ենք, որ նախագահ Մակրոնի այս հայտարարությունները, որոնք հնչեցվել են մի իրավիճակում, երբ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև առկա լարվածությունը վերացնելու, դրանք բարեկամության և կայունության հուն վերադարձնելու ուղղությամբ, ոչ պատշաճ են և անհետևողական», - նշում էր թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Աքսոյի խոսքով. «Նախագահ Մակրոնի կողմից` ուղղորդող հարցերին ի պատասխան արված այս հայտարություններn անընդունելի են»։

Մակրոնի հայտարություններին Անկարայի նման կոշտ արձագանքը պատահական չէ։ Ֆրանսիական հեռուստաալիքի եթերում Էմանjուել Մակրոնը պնդում էր, որ Անկարան միայն ընտրական պրոցեսներին միջամտելով չի սահմանափակվում։ Ֆրանսիայի նախագահի խոսքով` թուրքական իշխանություններn իրենց օտարերկրյա դաշնակիցների հետ միասին հետևողականորեն փորձում են խաթարել Փարիզի և իսլամական աշխարհի հարաբերությունները։

«Հստակ էր, որ անցած տարվա աշնանը մենք կեղծ լուրերի տարածման քաղաքականության ականատեսը դարձանք։ Այդ ստերը տարածում էր պետությունը, տարածում էին թուրքական պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, նաև Քաթարի վերահսկողության տակ գործող որոշ մեծ հեռուստաալիքներ», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Դոհայում գործող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։

Կեղծ լուրերի ամենավառ օրինակ որպես Էմանյուել Մակրոնը մատնանշում է «Շարլի Էբդո» երգիծական հանդեսի կողմից Մոհամեդ Մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած սկանդալը։

«Ասում էին, թե ես իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Բայց իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, և Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ», - հայտարարում էր Մակրոնը։

Փարիզի և Անկարայի հարաբերությունները սկսեցին լարվել անցած ամռանը, երբ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ծագած միջպետական վեճի ընթացքում Ֆրանսիան իր աներկբա աջակցությունը հայտնեց Հունաստանին և Կիպրոսին՝ այս պետություններին նաև ռազմական օժանդակություն ցուցաբերելով։

Հոկտեմբերին արդեն հարաբերությունները էլ ավելի սրվեցին, երբ Մակրոնը դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, որ հրապարակայնորեն հայտարարեց Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի զինյալների՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողություններին մասնակցության մասին։

Փարիզի և Անկարայի միջև դիվանագիտական ճգնաժամը, սակայն, գագաթնակետին հասավ երբ Ֆրանսիայի կառավարությունը շրջանառության մեջ դրեց այսպես կոչված` «իսլամական անջատականության» դեմ պայքարի մասին օրենսդրական փաթեթը, որը Թուրքիան և մի շարք այլ իսլամական երկրներ որակեցին որպես Ֆրանսիայում բնակվող մահմեդականների իրավունքները սահմանափակելու փորձ։

Ֆրանս-թուրքական ճգնաժամը էլ ավելի խորացավ, երբ նոյեմբերի սկզբին Մակրոնի վարչակազմը հայտարարեց թուրք ազգայնականների միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայի տարածքում արգելելու մտադրության մասին։ Այս տարեսկզբին, սակայն, երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը որոշակիորեն թուլացավ։ Մակրոնի խոսքով տարեսկզբից Փարիզում սկսեցին զգալ, որ Թուրքիայի նախագահը փորձում է բարելավել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

«Ես, սակայն, չեմ ցանկանում վերականգնել բնականոն հարաբերությունները, քանի դեռ Թուրքիան նման երկիմաստ քաղաքականություն է վարում», - France 5-ին տված հարցազրույցում հայտարարում էր Էմանյուել Մակրոնը։

XS
SM
MD
LG